Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/346

Այս էջը հաստատված է

Հսկան մոտեցավ, և երբ տեսավ ամբողջ վարազը խորովելիս, ահ ընկավ սիրտը, բայց իր երկյուղը ցույց չտալով, սկսեց բարկանալ, թե ինչպես են համարձակվել իրանց որսերին դիպչել։ Կռացավ, որ շամփուրը վեր առնե, շպրտե Արսենը բռնեց նրա օձիքից և այնպես հեռու մղեց, որ հսկա կոճղի պես գլորվեց։ Սաստիկ զայրացած վեր կացավ տեղիցը և կպավ Արսենին։ Արսենը, որ արդեն փորձել էր հսկայի ուժը, բռնեց նրա ականջներից և այնպես քաշեց, որ գլուխը խփեց գետնին և ծունր դնել տվավ իր առաջին։ Այդ ժամանակ Վուրգն այլևս չուզեց պարապ մնալ, արձակեց հսկայի կաշվի պինդ գոտին և նրանով կապոտեց նրա կռները։ Կաշկանդված հսկային հետո կապեցին մի հաստ ծառից և իրանք սկսեցին իրանց նախաճաշիկը։

— Սկիզբը լավ է,— ասաց Արսենը,— տեսնենք վեջը ի՜նչ կլինր: Հետո դառնալով հսկային՝ ասաց.

— Մենք եկել ենք ձեզ մոտ հյուր, և դուք այդպես եք ընդունում ձեր հյուրերին։ Կուզես մի կտոր միս տամ, կեր։ Այս ասելով՝ մի մեծ կտոր մոտեցրեց հսկայի բերնին։

— Իսկ դուք այդպե՞ս եք հյուրասիրում ձեզ մոտ եկողին,— ասաց հսկան։— Արձակեցեք և այնպես հրավիրեցեք ինձ ճաշի։

— Բայց հետո՞, խոսք տալիս ես,— ասաց,— որ չես փախչիլ և քո եղբայրներին իմաց տալ։ Կամ եթե խոսք էլ տաս, ո՞վ կհավատա քո խոսքին։ Բայց որ հավատաս, թե մենք վատ մարդիկ չենք, տես այս թուրը. մի հարվածով կարող էի այս րոպեիս թռցնել գլուխդ, բայց կյանքդ քեզ եմ բախշում, որովհետև իմ պարոնն այսպես է կամենում, արյունն թափելու հրաման չի տալիս։

Այս խոսակցության ժամանակ, մեկ էլ տեսան, որ մի ուրիշ հսկա էլ է գալիս։ Նա որ տեսավ իր եղբորը ծառից կապած, ջանը դող ընկավ, բայց ավելի էլ բարկացավ, քան առաջինը, և առանց հարցուփորձի, ուղղակի հարձակվեց մեր տղայոց վրա։ Արսենն առաջ անցավ և նրա ականջներն էլ գցեց ճանկը և չոքացրեց առջևը, ասելով.

— Նախ երկրպագություն տուր մեզ, մենք հասարակ հողեղեն չենք, այլ ձեր հոգիառ հրեշտակներն ենք։