Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/350

Այս էջը հաստատված է

Մի քանի անգամ կանչում էր այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում է կթոցներին ու վայր զլորելով կոտրտում ձվանը. Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։ Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը մի աշխույժ և կայտառ երեխա՝ երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա, եզնատերը համրանա։

Այս խոսքն իմացավ եզնատերը և երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ինչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատդ ուղիղ է։

— Տեր իմ, — պատասխանեց էշատերը, — սա սուտ է համր է ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե մի կողմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա...

— Շատ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը. ուրեմն էլ ի՞նչ ես ուզում սրանից։ Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե ինչու է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տեր իմ, այս իմ խելքի բանը չէր — պատասխանեց եզնատերը,— այլ աստուծո ոդորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքըշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «եզան տերը համրանա»։ Ես էլ նրան լսելով համրացա և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե էշդ մի կողմ քաշիր, եզս գիժ է։

— Շատ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես, միայն այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց