Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/353

Այս էջը հաստատված է

սղմելով և պռոշները կծոտելով— իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին: Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ֊խանը։

Վաճառականը տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այս֊ինչ ժամանակ այս֊ինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե, ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ֊վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ոչ մահու չափ պատժել կնոջս։ Ահա և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շատ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշներ, բռնեցեք այն չորսին էլ և բերեք այստեղ։ Փառաշներր բռնեցին երբեմն ծառա, իսկ այժմ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ- խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ- ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա֊հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր կատվի աչքի չափ և նման: Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերր փայլում էր։ Թե ինչ ծանրություն ուներ, չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ, նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։