Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/360

Այս էջը հաստատված է

նրա ուղեղին հասնելով, այնտեղից անդրադառնում էր մարդկային բառերով։

Զարթեցավ մեր վիպասանը և տեղումը նստած՝ երկու ձեռքի մեջն առավ գլուխը և սկսեց միտը բերել թե որպիսի երազի մեջ էր ընկղմած։ Երազը միտը բերելով նա սկսեց մտմտալ.

— Հրեշտակ, սատանա, բարի և չար ոգիներ։ Մարդ ի՞նչպես իմանա, թե երկուսից որն է իսկապես չար և որը՝ բարի։ Մարդիկ այնպիսի ստորոգելիք են տվել թե՝ մեկին և թե՝ մյուսին, որ երբ սկսում ես քննադատել, ամեն ինչ խճըճվում է։ Լավ կլիներ, իհարկե, որ չեղած բաներին ոչ մի ստորոգելիք չտային, բայց երբ մի բան են ստեղծում և նրան չար կամ բարի ասում, գոնե պետք էր նախ լավ իմանային, թե ինչն է ի սկապես չար և ինչը՝ բարի։ Մարդիկ այդ ստորոգելիքր տվել են այն ժամանակ, երբ բարու և չարի մասին ուղիղ գաղափար չեն ունեցել։ Իսկ մեր ժամանակ Ուրիելն իրավունք ունի ասելու, թե իմ արածս բարություն է և ոչ չարություն։ Ուղիղն ասած, ես ավելի Ուրիելին եմ համակրում, որ իր համար անկախ է և անընկճելի, քան թե Հերմեսին, որ մի կույր գործիք է Զևսի և նրա կնոջ ձեռքին:

— Լսեցի՛ր, Հերմես,— ասաց Ուրիելը,— դե հիմա երթաս բարով, գնա քո Հերայի մոտ և նրան պատմիր Զևսի արարքները, իսկ ես կմնամ սրա մոտ, որ թելաղրեմ ավելի առողջ մտքեր։

Հերմեսը մռմռալով հեռացավ, վիպասանից խռոված, իսկ Ուրիելը մի պատկերի կերպարանք առավ և կախվեց վիպասանի ննջարանում։ Վիպասանը չլսեց սրանց վերջին խոսակցությունը, և նորից քնեց ավելի քաղցր քնով։ Առավոտյան, երբ զարթեց և տեսավ պատկերը, սկսեց ապուշ-ապուշ նայել նրա վրա և զարմանալ, թե ո՞վ է բերել արդյոք այս պատկերը և ի՞նչ է ներկայացնում սա իսկապես։ Առաջին հայացքից ոչինչ չնշմարեց, բայց հետզհետե ինչեր ասես, որ չտեսավ։ Նրա մեջ պարունակված էր ամբողջ տիեզերքը բոլոր մանրամասնությամբ։ Նա ոչ տպված էր և ոչ նկարած վրձինով, այլ ինքնուրույն մի բան էր, նրա մեջ ամեն ինչ շարժուն էր և կենդանի, և մեր վիպասանը ինչ որ ցանկանում