Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/362

Այս էջը սրբագրված է

ՀԱԶԱՐԱՆ ԲՈԻԼԲՈԻԼ

(Արաբական հեքիաթ)

Իմ ականջս է հասել, ո՛վ բաբեբանյալ և բարեկրթյալ թագավոր (պատմում է Շահրազադա թագուհին իր ամուսին Շահրիար թագավորին), որ հին ժամանակներում, վաղուց անցած օրերում, Պարսկասաանումը կենում էր մի թագավոր՝ անունը Խոսրով-շահ, որին մեծ պարգևատուն պարգևել էր հզորություն, ջահելություն ու գեղեցկություն և որի սրտումը դրել էր արդարասիրության այնպիսի զորեղ զգացումն, որ նրա թագավորության ժամանակ ուլն ու վագրը միմյանց հետ հաշտ էին ապրում և կողք կողքի էին խմում միևնույն վտակից։

Եվ այդ թագավորը, որ սիրում էր անձամբ տեսնել ամենը, ինչ որ կատարվում էր նրա մայրաքաղաքում, սովորություն ուներ քաղաքում զբոսնելու գիշերները օտարերկրացի վաճառականի հագուստով իր վեզիրի կամ իր պալատականներից որևիցե մեկի հետ։

Եվ ահա, մեկ անգամ գիշեր ժամանակ քաղաքի այն թաղում, ուր աղքատներն էին բնակվում, նա լսեց նեղ փողոցներից մեկի խորքում ջահել ձայներ։ Եվ մոտեցավ ուղեկցի հետ այն մխացող բնակարանին, որտեղից լսվում էին ձայները և աչքը ձգելով դռան ճեղքին, սկսեց նայել ներսը։ Եվ տեսավ երեք ջահել աղջկերք, որոնք խսրի վրա նստոտած և ճրագի շուրջը բոլորած՝ զրույց էին անում ընթրիքից հետո։