Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/369

Այս էջը սրբագրված է

հանգուցյալը ամենի համար խաղաղության երջանկության աղբյուր էր։ Գնաց սուլթանի ոտներն ընկավ և աղաչեց, որ ազատի նրան այն պաշտոնից, որ այնքան երկար տարիներ կատարել էր։ Սուլթանը տխրեց, որ պիտի բաժանվի իր հավատարիմ ծառայից և ցավելով կատարեր նրա խնդիրը։ Արձակելով նրան, ընծայեց մի հոյակապ կալվածք քաղաքից մոտիկ, ընդարձակ վարելահողերով, անտառներով, արոտատեղերով, ճոխ կահավորված ապարանքով, իրան՝ կառավարչի ձեռքով ճարտարությամբ տնկված այգիով և լայնարձակ ծառաստանով, շրջապատված բարձր պարիսպով, որի մեջ կենում էին ամեն գույնի թռչուններ և ընտանի ու վայրի կենդանիներ։

Ահա, այդ իսկ կալվածքը քաշվեց առաքինի ծերունին իր որդեգիրներով։ Այստեղ էլ նա մեռավ, շրջապատված իր որդեգիրների սիրովն ու հոգածություններովը։ Ոչ մի հարազատ հոր վրա այնպես սուգ չէին արել՝ ինչպես որ սուգ արին ծերունուն որդեգիրները։ Եվ տարավ իր հետ իր անդրդվելի գերեզմանաքարի տակը իր որդեգիրների ծննդյան գաղտնիքը, որ իրան էլ չէր հայտնի լրիվ։

Նրա հրաշալի կալվածքում շարունակեցին ապրեյ պատանիները ու իրանց փոքրիկ քույրը։ եվ որովհետև նրանց իմաստությամբ էին կրթել և պարզ ու հասարակ, այս պատճառով նրանք գոհ էին իրանց վիճակից և այլևս ոչինչ չէին ուզում, այլ միայն ապրել խաղաղ և սիրով։

Ֆարիդն ու Ֆարուզը հաճախ գնում էին որսի, անտառներև դաշտեր, իրանց կալվածքի շրջապատներում։ Իսկ վարդաժպիտ Ֆարիզադան ամենքից շատ սիրում էր այգիներումն զբոսնել։ Եվ ահա մեկ օր էլ, երբ նա պատրաստվել էր գնալ զբոսանքի, ստրկուհիներն իմաց տվին, թե մի անծանոթ պառավ, օրհնության կնիքը երեսին, խնդրում է, որ թույլ տա իրան մի ժամի չափ հանգստանալու այդ գեղեցիկ այգիների ստվերներում: Իսկ Ֆարիզադան, որի սիրտը լիքն էր կարեկցությունով, ցանկացավ ինքն անձամբ ընդունել անծանոթ պառավին։ Նրան սիրով հյուրասիրեց, ուտեցրեց, խմեցրեց և տվավ նրան մի հախճապակյա մատուցարան պատվական պտուղներով, թխվածքներով, չոր քաղցրավենիներով և