Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/372

Այս էջը սրբագրված է

իրանց ծարավը երգող տերևներ ունեցող ծառի հազարավոր անտեսանելի բերանները։

Այս բոլորն ասելուց հետո պառավն ավելացրեց.

— Ո՜վ իմ տիրուհիս, ո վ իմ արքայազնուհիս։ եթե այս բոլոր հիանալի առարկաները գտնվեն քո այգումը, որքան կգովաբանվեր քո գեղեցկությունը, և մինչև ուր ասես, որ չտարածվեր քո աննմանության համբավը, ով իմ վարդագեղ և վարդաժպիտ տիրուհիս։

Երբ որ Ֆարիզադան իմացավ պառավի ասածները, իսկույն բացականչեց.

— Ո՛վ օրհնյալ մայրիկս, ինչքա՜ն հիանալի են ասածներդ։ Բայց դու ինձ չասացիր, թե որտեղ են գտնվում այդ պատվական առարկաները։

— Ո՜վ իմ տիրուհիս, այդ հրաշալիքները, որոնք արժանի են քո տեսությանը, գտնվում են միատեղ, Հնդկաստանի սահմանի վրա։ Իսկ դեպի այնտեղ տանող ճամփան անցնում է քո ապարանքի հետևից։ Եթե նրանց բերելու համար ուղարկելու լինես մեկին, կպատվիրես, որ նա այդ ճամփովը գնա քսան օր, իսկ քսանմեկերորդ օրը թող հարցնե առաջին պատահողին, թե ո՞րտեղ են Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։ Հանդիպած մարդը ցույց կտա անպատճառ նրանց տեղը։

Այս ասելուց հետոճ պառաւԼր պինդ փաթաթվեց իր ծածկոցի մեջ և հեռացավ, շարունակելով մրմնջալ իր օրհնությունը։ Նա արդեն բավական հեռու էր, երբ Ֆարիզադան սթափվեց խոր մտածությունից, որի մեջ ընկղմել էր պառավն իր տված տեղեկությունովը անսովոր առարկաների մասին, և մեկ ուզեց ետ կանչել նրան կամ ինքը վազել հետևիցը, որ ավելի ճիշտ տեղեկություն ստանա զարմանալի առարկաների տեղի մասին, և իմանա, թե ինչ ձևով պետք է ձեռք բերել նրանց, բայց տեսնելով, որ ուշ է արդեն, նա սկսեց լավ միտը բերել պառավի խոսքը և լավ տեղավորել հիշողության մեջ, որ ոչինչ չմոռանա։ Իսկ նրա հոգու մեջ սկսեց սաստկանալ նույն հրաշալիքներին տիրանալու ցանկությունը, և ինչքան որ աշխատում էր նրանց մասին չմտածել, չէր կարողանում։