Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/373

Այս էջը սրբագրված է

Շարունակ այն էր մտածում, թե՝ «Երանի՜ մեկ անգամ տեսնեի, որ էլ սրտումս դարդ չմնար»։ Եվ սկսեր թափառել իր այգու ճեմելիքներում և իր սիրած անկյուններում։ Բայց նրա այգում այդ տեղերը կորցրել էին իրանց գրավչությունը և շատ ձանձրալի էին թվում։ Իսկ թռչունների երգեցողությունը, որով դիմավորում էին երգողներն իրանց տիրուհուն, միայն սաստկացնում էր նրա հոգու վիշտը։

Եվ վարդաժպիտ Ֆարիզադան տխրեց և սկսեց արտասվել։եվ որքան առաջ էր քայլում և արցունք թափում, նույնքան տեղում ավազի վրա՝ նրա արցունքի կաթիլները սառչում էին և դառնում մարգարտի հատիկներ։

Վերջապես Ֆարիզադայի եղբայրները վերադարձան որսատեղից և իրանց քրոջը չգտնելով հասմիկի հովանոցումը, ուր նա սովորություն ուներ սպասելու եղբայրների վերադարձին, նրանք նեղացան իրանց քրոջ այս անուշադրության համար և սկսեցին որոնել նրան այգումը։ եվ տեսան ավազի վրա սառած նրա մարգարիտ դարձած արցունքի կաթիլները և ասացին իրանք իրանց.

—Ավա՜ղ, ինչքա՜ն տխրած պիտի լինի մեր քույրը, բայց ի՞նչ առիթ է ունեցել տխրելու, որ այսքան լաց է եղել: Եվ գնացին նրանք իրանց քրոջ հետքովը և գտան նրան արտասվելիս ծառաստանի խորքումը։ Վազեցին մոտը և փայփայեցին, աշխաաելով ուրախացնել նրան։

Եվ ասացին նրան,— Ո՜վ Ֆարիզադա, մեր սիրելի քույր, ո՞ւր են քո ուրախության վարդերը և քո խնդության ոսկին։

Քույրի՛կ, պատասխանի՛ր։

— Ով իմ եղբայրնե՜ր...

Բացականչեց Ֆարիզադան և լռեց։ Նա ամաչեց շարունակել իր ասելիքը։ Այս առաջին անգամն էր, որ նա մի բան պիտի խնդրեր եղբայրներից, դժվարանում էր ասել, բայց նրանք ստիպեցին, որ ասե։