Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/375

Այս էջը հաստատված է

առաջինն եմ պարտավոր ինձ վրա առնել դրա հոգսը։ Իմ ձիուս թամքը դեռ չի վերցված, և նա կտանի ինձ՝ առանց հոգնելու՝ մինչև Հնդկաստանի սահմանը, այնտեղ, ուր գտնվում է քո ասած երեք հրաշալիքները։ Եվ ես կբերեմ այդ բաները։

Եվ դառնալով եղբորը՝ Ֆարուզին, ասաց.

— Իսկ դու, սիրելի եղբա՜յր, կմնաս մեր քրոջ մոտ, որ նրան պահես։

Այս ասելուց հետո՝ վազեց ձիու մոտ, ցատկեց վրան և այնտեղից կռանալով՝ համբուրեց եղբորն ու քրոջը, որ արտասվալից աչքերով ասաց.

— Մի՛ գնար այդ վտանգավոր ճամփով, իջի՛ր ձիուցդ։ Ես չեմ ուզի տեսնել ո՛չ Խոսող Թռչունը, ո՛չ Երգող Ծառը և ո՛չ էլ Ոսկեցնցուղ Ջուրը, միայն թե չբաժանվիմ քեզանից և կարոտդ չքաշեմ։

Բայց Ֆարիդը էլի մեկ անգամ համբուրեց նրան և ասաց.

— Սիրելի քույրիկս, մի՛ վախենար, որովհետև իմ բացակայությունս երկար չի տևիլ, և աստուծու օգնությունով ինձ չի՛ պատահիլ ոչ մի դժբախտություն։ Բայց, այսուամենայնիվ, որպեսզի դու քեզ չտանջես անհանգստանալով, ես քեզ կտամ ահա, իմ դանակը։

Եվ գոտկից հանեց այն դանակը, որի կոթը զարդարված էր քրոջ աչքերից առաջին անգամվա ընկած մարգարիտներով, տվավ նրան և ասաց.

— Այս դանակս քեզ տեղեկություն կտա իմ մասին։ Ժամանակ առ ժամանակ կհանես պատյանից և կնայես սայրին։ Եթե սայրը մաքուր լինի, ինչպես հիմա է. այդ նշան կլինի, որ ես ողջ առողջ եմ, իսկ եթե դժգունացած՝ իմացած լինիս, որ ինձ մի դժբախտություն է պատահել. իսկ եթե արյուն կաթի բերանից՝ կարող ես հավատալ, որ ես չկամ այլևս։ Ասաց, և չկամենալով այլևս ոչինչ լսել, ձին չափ գցեց այն ճամփովը, որ տանում էր դեպի Հնդկաստան։

Եվ գնաց նա քսան օր և քսան գիշեր անապատ տեղերով։ Իր ճամփորդության քսաներորդ օրը հասավ մի լեռան ստորոտ, ուր կար ճոխ արոտամարգ և նրանում մի հատիկ ծառ։ Ծառի տակին նստած էր շատ զառամած մի ծեր կրոնավոր։