Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/386

Այս էջը սրբագրված է

Է անի։ Այսպիսով սիրտ տվտվ Բուլբուլը և ասաց երգելով.

Ո՛վ Ֆարիզադա, Ո՛վ վարդաժպիտ,
Սրսկիր ջրով, ջրով ու ջրով,
Այս ոսկեցնցուղ ջրով սրսկիր,
Բոլոր քարերը բազալտի նման՝
Ջահել մարդիկ են, սիրուն աննման,
Սրսկիր դրանց, ջրջըրի՝ ջրով.
Ամեն կաթիլը այս ոսկեջրի
Անմահական է, արագ կյանք տվող,
Դրանով սրսկի՛ր, թող կենդանանան,
Թող երկար քնից զարթնեն, վեր կենան:
Ո՛վ իմ թանկագին արքայազնուհիս,
Կյանք տուր քարերին, ջրով ու ջրով։
Ախ, ա՜խ, հազար ախ,
Ով սիրուն գիշեր,
Ով վառ֊վառ աստղեր…

Ֆարիզադան մի ձեռքում բռնած բյուրեղյա բղուղը, մյու- սում ոսկի վանդակը և Երգող ճյուղը, սկսեց վերադառնալ։ Եվ ամեն տեղ, ուր հանդիպում էր մի սև բազալտ քարի, վրան սրսկում էր ոսկե ցնցուղ ջրից։ Քարը կյանք էր առնում իսկույն և դառնում մի գեղեցիկ երիտասարդ։ Անուշադիր չէր թողնում ոչ մի քար։ Այսպիսով գտավ իր եղբայրներին։

Ֆարիդն nւ Ֆարուզը քարային քնից զարթելով՝ մոտեցան իրանց քրոջը և գովեցին նրան։ Մյուս զարթածներն էլ, որ բոլորն էլ նշանավոր մարդկանց որդիք էին, մոտեցան Ֆարիզադին և համբուրեցին նրա ձեռքը, հայտնելով, որ այսուհետև նրա ստրուկներն են իրանք։ Եվ բոլորը միասին իջան սարի ստորոտը, ուր Ֆարիզադան կենդանություն տվավ և ձիերին. այստեղ ամեն ոք նստեց իր ձին, և բոլորեքյան գնացին ծառի տակ նստած ծերունու մոտ։ Բայց ծերունին չկար այլևս, ծառը նույնպես անհայտացել էր։

Այստեղ Ֆարիզադան հարցրեց Բուլբուլին, թե ինչ է նշանակում ծերունու անհայտանալը։

Խոսող թռչունը պատասխանեց և այս անգամ նա խոսեց արձակ և լրջորեն.— Ինչո՞ւ ես ուզում նորից տեսնել ծերունուն, ո՛վ Ֆարիզադա։