Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/389

Այս էջը սրբագրված է

էին տուն, ուրախ ժամանակ անցկացնում իրանց քրոջ հետ։

Մեկ անգամ էլ, ահա, երբ Ֆարիդն ու Ֆարուզն անցնում էին մի նեղ ձորակով, որից չէր կարելի շեղվել ոչ աջ և ոչ ձախ, դեմ առ դեմ հանդիպեցին սուլթանին, որ իր մարդկանցով եկել էր նույնպես որսորդության։ Եղբայրներն իջան ձիերից և ծունկ չոքեցին թագավորի առջև, գլուխները խոնարհած մինչև գետին։ Սուլթանը շատ զարմացավ տեսնելով այն անտառում նրանց այնքան ճոխ հագնված, որ կարծես իր շքախմբից լինեին։ Նա ուզեց տեսնել նրանց երեսները, հրամայեց վեր կենալ: Եղբայրները վեր կացան և թագավորի առջև կանգնեցին, պահպանելով իրանց արժանապատվությունը և խորին հարգանքը դեպի թագավորը, որ հափշտակված նրանց վայելչակազմ գեղեցկությունով, երկար ժամանակ զննեց նրանց ոտից մինչև գլուխ։ Հետո հարցրեց նրանց, թե ովքեր են և որտեղ են կենում։ Նրա սիրտը հուզվում էր ու մի առանձին ձգողությամբ քաշվում դեպի նրանց, ինչպես դեպի իր հարազատներին։

Եղբայրները պատասխանեցին.

— Ո՛վ արքա ժամանակների, մենք քո հանգուցյալ ստրկի որդիքն ենք, քո ծառայի, որ կառավարում էր քո արքայական այգիները։ Այստեղից հեռու չէ մեր բնակարանը, որ քո առատաձեռնության պտուղն է, դու ես ընծայել մեր հորը։

Սուլթանը շատ ուրախացավ, որ ծանոթացավ իր նախկին հավատարիմ ծառայի որդոց հետ, միայն զարմացավ, որ մինչև հիմա նրանք չեն հայտնվել իր պալատում և չեն գտնվում իր շքախմբի մեջ։ Եվ երբ որ հարցրեց այս մասին, նրանք պատասխանեցին.

– Ո՛վ ժամամանակների թագավոր, ներիր մեզ, որ մինչև հիմա չենք մտել քո մեծահոգի բազուկներիդ պաշտպանության տակ. դրա պատճառն այն է, որ մենք մեզանից փոքր մի քույր ունինք, որի պահպանության հոգսը մեզ վրա է գցել մեր հայրը իր մահից առաջ, մենք էլ պահպանում ենք այնպիսի սիրով, որ չենք կարող բաժանվել նրանից։

Թագավորը շատ զգացվեց սրանց եղբայրական սիրուց և ավելի ուրախացավ, որ հանդիպեց սրանց, և ասաց ինքն