Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

Ահա եկան խնամիքը —
Անոն, Եղսոն ու Նուշին,
Պիտի տեսնեն նոր բաժինքը,
Որ պսակեն տիկնիկին։
Խնամիքը նստոտեցան
Տան գավթումը ծալպատակ,
Հռիփսոն նրանց թեյ է տալիս
Ինքնաեռից անհատակ։
Կոտրած շիշ է ինքնաեռը,
Բաժակները՝ խեցատներ։
Շաքարի տեղ քարի մանրունք,
Բայց խմում են մեր հյուրեր։
Բավականին օդ կուլ տըվին,
Կում անելով թեյի տեղ,
Իրանց օրում չէին խմած
Այսպես եփած թեյ համեղ։
Պռոշները լպստելով՝
Թեյի սարքը վերցըրին,
Տեսակ֊տեսակ քաղցրավենիք
Կոտրած խոնչով մոտ բերին։
Մի խնձոր էլ մաս-մաս արած,
Ինչպես հաղորդ փրկության,
Գդալիկն էլ ավլի շյուղ էր,
Նրանով կերան քաղցրացան։



— Բաժինքը բե՛ր, խնամի Հուռի
Ասաց մեկը նրանցից,
Ութ տարեկան պառավ Եղսոն,
Որ մեծն էր ամենից։
Հռիփսիկը մեջտեղ դրավ
Մի բավական մեծ բոխչա։