Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/392

Այս էջը սրբագրված է

Բարո՞վ եկար, բարո՜վ, բարո՜վ:

Սուլթանն այս բոլոր հրաշքների ազդեցության տակ սկսեց բացականչել. —Սա է երջանկության տունը, այստեղ մարդ ոչ կհիվանդանա, ոչ կծերանա և ոչ կմեռնի։ Սա է երկրային դրախտը։ Ես իմ թագավորությունս կտայի, այստեղ ձեզ հետ ապրելու համար։ Եվ երբ որ հարցրեց նա եղած հրաշալիքների մասին, նրան ցույց տվին Երգող Ծառը ե Խոսող Թռչունը: Եվ Ֆարիզադան ասաց.— Սրանց բոլորի մասին ես կպատմեմ, երբ կհանգստանա մեր տեր թագավորը։ Այս ասելուց հետո, Ֆարիզադան գնաց բերելու եփած բորինջանը մի պնակով և դրավ թագավորի առջևը։

Սուլթանը, որ այդ կերակուրը շատ էր սիրում, զարմացավ, որ իր սիրած կերակուրը մոտ բերին։ Բայց նրա զարմանքը ավելի սաստկացավ, երբ նկատեց, որ բորինջանը մարգարիտով էր լցված, որ չէր կարելի ուտել։ Եվ ասաց նա Ֆարիզադտյին.

—Երդվում եմ կյանքովս, որ այսպես բան չեմ տեսած ես: Այս ի՞նչ նոր տեսակ կերակուր է։ Վաղու՞ց է, մարգարիտը բռնում է բրնձի և պիստակի տեղը։

Եվ մինչդեռ ամենքն էլ լռել էին և չգիտեին ինչ պատասխանել սուլթանին, Խոսող Թռչունը ձայնը բարձրացրեց և ասաց.

— Ո՜վ մեր Խոսրով֊շահ, դուք զարմանում եք, որ այդպես կերակուր լինել չի կարող, հապա ինչու՞ չզարմացաք, ինչու՞ հավատացիք, որ Պարսկաստանի թագուհին կարող է փոխանակ չնաշխարհիկ զավակների, տալ՝ ով գիտե ինչ տեսակ կենդանիներ։ Հիշիր, ո՛վ Խոսրով-շահ, այն խոսքերը, որ լսեցիր մի երեկո, երեք քույրերից փոքրի ասածը, թե.— Ո՛վ իմ քույրեր, երբ որ ես դառնամ սուլթանի ամուսինը, մենք կունենանք զավակներ, որովհետև որդիքս ամեն բտնով արժանի կլինեն իրանց հորը, իսկ աղջիկս կլինի երկնքի ժպիտը: Նրա մազերի մի կողմինը կլինի ոսկի, մյուս կողմինը՝ արծաթի. նրա արցունքը, երբ լաց լինի, կդառնա մարգարիտի