Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/393

Այս էջը սրբագրված է

Հատիկներ, ծիծաղը՝ ոսկի դրամներ, իսկ ժպիտը' նորափթիթ վարդեր:

Սուլթանը հիշելով Բուլբուլի ասածները, գլուխը բռնեց երկու ձեռքով և սկսեց հեկեկալ։ Բայց Բուլբուլը շուտով հանեց նրան տխրությունից, ասելով.— Ո վ Ֆարիզադա, քողը հեռացրու երեսիցդ, թող հայրդ տեսնի երեսդ...

Ֆարիզադան ետ քաշեց քողը թե չէ, նրա ոսկի ու արծաթի վարսերը թափվեցին կրծքի վրա: Սուլթանն այդ տեսնելով՝ վեր կացավ բարձրաձայն բացականչությունով.— Աղջի՜կս, աղջիկս է սա: Իսկ Հազարան Բլբուլը գոչեց, — Այո՛, տեր թագավոր, դա քո աղջիկդ է, իսկ դրանք էլ քո որդիքն են։

Եվ որովհետև ոչ քույրը և ոչ եղբայրները չգիտեին իրանց ծագումը, Հազարան Բուլբուլը այստեղ պատմեց բոլորը, ինչ ոչ թագավորն էլ չգիտեր։

Թագավորն ու իր զավակները, որ լսում էին Խոսող Թռչունին, զարմանքից քարացած, վերջապես ուշքի եկան և գրկախառնվեցին միմյանց, թափելով ուրախության հորդ ար֊ տասուք։ Եվ երբ որ հանգիստ առան, հուզմունքից թագավորն ասաց. — Ո՛վ իմ զավակներս, շտապենք մի ժամ առաջ տեսնել ձեր մորը։ Բայց ի՞նչ լեզու կարող է պատմել մոր ուրախության չափը։ նա, որ սուլթանի աչքից ընկնելով, պալատի մի հեռավոր անկյունում էր բնակվում ընկճված, կուչ եկած, թառամած, այժմ աչքովը տեսնելով իր զավակները, կարծես մեռած տեղից հարություն առավ, մի նո՛ր մարմին հագավ ավելի՝ առույգ և ավելի գեղեցիկ, քան թե երբեմն եղած էր։

Իսկ քույրերը լսելով ույդ բանը, մարդկային պատժի արժանացան, այլ հենց նույն օրը մեռան կատաղությունից։

Եվ թող լինի չարն այնտեղ, բարին այստեղ։