Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/394

Այս էջը սրբագրված է

ԽԻԶԱԽԸ ԿԱՄ ԱՆԵՐԿՅՈՒՂԸ

                       <ԱՌԱՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ>
                              1

Էլել է չի էլել,— սուտն ու ճշմարիտը աստված գիտե,— մի տղա է էլել անունը Խիզախ։ Հայտնի է, որ կան մարդիկ, որոնք հոտառության զգացմունքից զուրկ են, կան որ կերածի համը չեն իմանում, կան և խուլ ու համր մարդիկ, կան որ զուրկ են աչքի լույսից։ Մեր Խիզախը այդ ամենն ուներ, միայն վախի, երկյուղի, ահ ու սարսափի զգացմունք չուներ։ Մարդիկ կան, որոնք մի անսովոր թրխկոց լսելիս, որոտմունքի, թնդանոթի ու հրացանի ձայն լսելից՝ ակամա ցնցվում են բոլոր մարմնով։ Խիզախը չուներ այդ զգացմունքը։ Նրա համար միևնույն էր. թեկուզ գետինքը փուլ գար ու բաց աներ իր անհատակ անդունդները, թեկուզ երկինքը փուչ դար ու բոլոր աստղերը կարկուտի պես թափվեին, նա ոչ աչքը կճպեր, ոչ սիրտը կտրըփար։

Խիզախն աներկյուղ էր։ Բայց մյուս բոլոր զգայարանքները չափից դուրս զարգացած էին նրանում։ նա աներկյուղ լինելով հանդգնություն ուներ իրան ենթարկելու այնպիսի փորձերի և մարզանքների, որոնցից վախկոտները միշտ հեռու են մնում և այդ պատճառով էլ միշտ թույլ մնում։ Նա մագըլցում էր բարձր ծառերի վրա ու ճյուղից ճյուղ ոստոստում, ինչպես մի առնետ։ Ւնչքան էլ ճարպիկ լինի մարդ, այդպես անել չի կարող, եթե վախկոտ է, որովհետև երկյուղի զգացմունքը տիրում է նրա ամբողջ մարմնին, նրա ոտ ու ձեռքը