Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/396

Այս էջը հաստատված է

ստորլեռնյա ահագին դատարկություն անթիվ միջանցքներով, ծակուծուկներով ու ներս ու դուրս տանող զանազան մուտքերով, ինչպես լինում են մկան բույնի մուտքերը։

Խիզախը գնաց ահա այս դիվական բնակարանը, որի միայն անունը սարսափ էր բերում ամենքի վրա, ու քանի որ դեռ հարամիք չէին կենում այդտեղ, դա համարվում էր գնացող-չեկողի ճանապարհ, որովհետև ով, որ այդ սարափորը մտներ, ճանապարհը կկորցներ ու մի անցքից մյուսն ընկնելով, պատից պատ խփվելով կկորցներ ճանապարհը ու կմնար այնտեղ անդարձ կերպով։

Խիզախը երբ տեղ հասավ, բնակարանի մոտ տեսավ մի ահռելի մարդ։ Նա ավազակապետն էր, որ ինքը տանը մնալով՝ մյուսներին ուղարկել էր հափշտակության։ Նա մի դաժան դեմքով մարդ էր։ Հաստ հոնքերը կախ էին ընկած խոր ընկած կոպերի վրա, որոնց տակից բորբոքված կրակի նման կայծեր էին արձակում նրա աչքերը։ Կուրծքը լայն ու բրդբրրդոտ, կարծես մի թփախիտ սարալանջ լիներ։ Վիզը նման էր մի մամռապատ կոճղի, իսկ թաթերը կարծես թիակներ լինեին հնգամատ։

Խիզախը մոտենալով հսկային, այնպես նայեց նրա վրա, ինչպես երեխեքը նայում են մի գոմշի վրա՝ նրան խրտնեցնել ուզելիս։ Բարև տվավ նրան ու նստեց մոտը, ասելով.

— Շատ հոգնած եմ ու քաղցած, մի քիչ բան տվեք ուտելու։

Հսկան առաջին անգամն էր տեսնում մի մարդ, որ իրան տեսնելիս ոչինչ երկյուղի նշան չի ցույց տալիս։ նա ավելի ևս խոժոռացրեց աչքերր Խիզախի վրա, մռայլացրեց դեմքը ու ասաց մռմռալով ու մռնչալով․

— Այս ինչպե՞ս ես սիրտ արել դու մեզ մոտ գալ, միթե չգիտես, որ թռչունը իր թևովը, օձն իր պորտովը չի համարձակվում մեր սահմանովն անցնել։

— Ինչո՜ւ, մի՜թե դուք վատ մարդիկ եք ու վնասակար,— պատասխանեց Խիզախը համարձակ։

Այս խոսքի վրա հսկան մռմռաց քթի տակ։ Նա առաջին անգամ էր լսում այսպիսի խոսք։

— Ո՛չ, մենք վատ մարդիկ չենք, բայց…