Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/398

Այս էջը սրբագրված է

լավն ընտրելով իր համար և զինավորված ամենալավ զենք ու զրահով, կողմնակի ճանապարհով ընկնում էր նրանց առաջը, և հենց որ նրանք սկսում էին իրանց հարձակմունքը, նա դուրս էր զալիս հակառակ կողմից ու թրի ոռքով մեկի գլուխը պատռում, մյուսի կուռը կոտրում, մեկէլի ուսերը ջարդում ու ետ մղում փախցնում, առանց սպանելու մեկն ու մեկին։

Այս բանը կրկնվում է մի քանի անգամ, և ավազակները սարսափի մեջ են ընկնում՝ նրան քաջերից քաջ համարելով։

—Այդ մարդը եթե թրի բերանը գործ դնե, մեզանից ոչ մեկս կենդանի չենք մնալ,— ասում է ավազակապետը,—բայց ինչո՞ւ է այդպես վարվում, երևի նա մեր աղ ու հացն է ուտում և ուզում է մեզ խրատել, առանց սպանելու։

—Բայց ո՞վ պիտի լինի այն մարդը, այդչափ քաջ, այդչափ աներկյուղ,— ասաց մեկը։

—Տղերք,— ասաց ավազակապետը,— ես կարծում եմ, որ դա մեր ձիարած Խիզախն է, և այս մենք կարող ենք ստուգել ահա ինչպես։ Ես սուտ կհիվանդանամ և կասեմ, որ գիշերով գնա գերեզմանոցում հալվա եփե ինձ համար։ Եթե նա այս բանը կանե առանց վախենալու այն բանից, ինչ որ ես այնտեղ կանեմ, այդ ապացույց կլինի, որ մեզ վրա հարձակվողը սա է։

Խիզախին ուզում են վախեցնել. խեղճերը չեն իմանում, որ ահ ասածդ չկա նրա սրտումը։

Ավազակապետը ինչպես ասում է, այնպես էլ կատարել է տալիս Խիզախին։ Մութը, կես գիշերին, Խիզախը դնում է գերեզմանոց, իսկ այդ գերեզմանոցի համար ասում էին, թե այնտեղ քաջքեր կան, թե մեռելները կենդանանում են գիշերները, նրանցից որը շուն է դառնում, որը կատու, հարձակվում են այդտեղով անցնող մարդկանց վրա և գզգզում։

Կրակ է վառում Խիզախը, պղինձը դնում վրան, հայվան եփում։ Շերեփը ձեռին խառնելիս՝ մեկ էլ տեսնում է ահա մի մերկ ձեռք մեկնվեց դեպի իրան՝ ողորմություն ուզելու պես։ Խիզախը շերեփը լցրեց հալվայով, փչեց, հովացրեց, որ մեռելի ձեռքը չայրի, ու ածեց նրա բուռը. մեռելը ետ քաշեց ձեռքը, ներս տարած հալվան կերավ, մեկ էլ մեկնեց ձեռքը։