Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/399

Այս էջը հաստատված է

Խիզախն էլի լցրեց շերեփը, հովացրեց ու բուռն ածեց։ Այսպես կրկնվեց երեք անգամ, բայց չորրորդ անգամն այլևս ոչինչ չտվավ և ասաց.— Բավական է, ետ քաշիր ձեռքդ, բոլորը որ քեզ ուտեցնեմ, էլ իմ հիվանդի համար ի՞նչ տանեմ։ Բայց տեսավ, որ ձեռքը չի ուզում ետ քաշել, տաք-տաք հալվա ածեց բուռը ու մեկ լավ այրեց։ Մեռելը վախեցավ, էլ չմեկնեց ձեռքը։ Խիզախը եփտծ հալվան տարավ ավավավազակապետին, առանց պատմելու թե ինչ անցք անցավ գերեզմանոցում։

Որովհետև ավազակապետն ինքն էր մեռելի գերեզմանումը թաք կացել, մեռել ձևացել, որ վախեցնե Խիզախին, բայց ինքն իր աչքովը տեսավ, որ Խիզախն ամենևին բանի տեղը դրավ ու մի առանձին ուշք էլ չդարձրեց այդ ուրիշների համար մահառիթ երևույթի վրա, էլ նրանում կասկած չմնաց, որ ինքը Խիզախն է նրանց ջարդողը։

Այդ բանը պատմեց ավազակներին և ասաց․

— Uուտ ու չեղած բաներից չվախեցողը՝ ուղիղ ու եղած բաներից երբեք չի վախենալ: Սա որ ողորմություն ուզող մեռելից չի վախենում, էլ ի՞նչ բանից կարող է վախենալ։

— Չվախենալը բավական չէ,— ասաց ավազակներից մեկը,— շատ ապրողներ կան, որոնք ոչ մի բանից չեն վախենում, որովհետև նրանց գլխումը տեղ չի գտնում ոչ խելոք և ոչ հիմար բաները։ Ապացուցելու համար, թե Խիզախն է մեզ վրա հարձակվողը, պետք է նրա քաջությունը փորձել։ Դու էլի հիվանդ ձևացիր և ուղարկիր անմահական ջրի, ուր ոչ մի գնացող դեռ վերադարձած չէ։ Եթե նա կկատարե այդ հանձնարարությունը, այն ժամանակ կհամոզվենք, որ մեր քառասունին հադթողը նա է։ Այնուհետև մենք կառաջարկենք, որ մեզ հետ ընկեր դառնա ու քո երկրորդն ու փոխանորդը լինի։ Դրա հետ ի միասին մենք կարող ենք բոլոր աշխարհքին տիրել և այսուհետև ոչ թե ավազակ կլինենք, այլ մեծ իշխան ամեն մի նահանգում, ինչպես թագավոր։

— Այդ շատ լավ ասացիր,— կրկնեցին ամեն կողմից և Խիզախին ուղարկեցին անմահական ջրի։