Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/40

Այս էջը հաստատված է

Առաջ հանեց ցանցով գործած
Մի մատնաչափ խալիչա։
— Շա՝տ սիրուն է— ասաց Եղսոն,―
Դալար կենան մատները...
Իսկ Աննիկը չը հավանեց,
Թուխ են,— ասաց,— Թելերը։
Բայց կողինքին հավանեցին,
Խաս կտորից էր կարած.
Բալիշները բմբլով լըցրած,
Ուլունք կոճակներ արած։
Մախմուր երեսը մութաքի Աբրեշումի փունջերը,
Նախշուն վերմակը ատլասի
Իսպառ տարավ խելքները։
— Ապրի՛, ապրի՛ Հռիփսիկը,—
Մեր խնամիքն ասացին,
Ամեն կտոր վերցնելիս՝
«Բարով մաշեն» կրկնեցին։
— Տեսե՛ք,— ասաց Հռիփսիկը,—
Դեռ էլի կան շատ բաներ.
Մեջ տեղ բերավ հազար ու մեկ
Մանր մժուր կտորներ։
Սպիտակեղեն ուներ կարած
Մի դյուժինից էլ ավել,
Եվ այդ բոլորն ինքն իր ձեռքով
Լըվացել էր, օսլայել
Քանի՛ թղթի արկղիկներում
Բաներ ուներ պատրաստած,
Արծաթեղեն ու ոսկեղեն,
Բայց ոչ մետաղ ժանգոտած։
Սոխի կճպից ոսկեղենն էր,
Սխտորինից արծաթին.
Փող էլ ուներ սոխի կճպից
Տասը ոսկի շատ դեղին...