Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/407

Այս էջը սրբագրված է

որդին ասում է, թե' իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կա֊ տարեմ. չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։ Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե «հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա, չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա կվերցնես, շատ թե քիչ»։ Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ և ասում' «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե' հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և եկ»։ Վաճառականն առանց երկար մտածելու, ասում է գնա, ազատ ես։ Գործակատարը վրդովվում է, թե' պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ աստված գիտե, վերև աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։ — Ի՛նչ հաշիվ, ինչ աստված, քեղ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։ Այդ Ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովուրություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե' այս ինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե' այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։ Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, սա մտածում է, թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է և նա կարող է գնալ քահանային հայտնել, թե իր խոզեինը մեռած է։