Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/420

Այս էջը հաստատված է

Իսկ երրորդ անգամ որ ցանցը ձգեց,—
Ո՞վ կարե ասել, թե ի՞նչ դուրս հանեց.—
Նա բերավ իր հետ մի ոսկի ձկնիկ՝
Ձկանց արքայի դուստրը գեղեցիկ.—
Ծերի ցանցն ընկավ, իբրև խեղճ գերի,
Ոսկի աղջիկը ձուկ֊թագավորի։
Խե՜ղճ ոսկի ձկնիկ, ինչպե՜ս է խնդրում.
Մարդկային լեզվով ծերին աղաչում.
«Թո՜ղ ինձ, թո՜ղ, ծերո՜ւկ, թո՛ղ ինձ անվտանգ
Քեզ կըվճարեմ թանկագին փրկանք,
Ինչ սիրտրդ ուզի, ինչ որ կամենաս,
Ուղիղն եմ ասում, ինձնից կըստանաս»։

Վախեցավ ծերը մնաց զարմացած։
Նա այնքան տարի ձկնորս էր եղած,
Բայց ձկան մասին երբեք չէր լսել,
Թե նա մարդու պես կարող է խոսել։
«Գնա՛, Տեր ընդ քե՛զ,— ասաց ծերունին,—
Ինձ հարկավոր չէ փրկանք թանկագին.
Գնա քեզ համար դու Ծիրանի ծով,
Ու այնտեղ ապրիր ազատ, ապահով»։

Բ



Այդ դեպքից հետո ծերը տուն դարձավ,
Պատմեց պառավին, թե ինչ բան տեսավ.
«Այսօր ես ծովից, գիտե՞ս ինչ, ա՛ կնիկ,
Բռնեցի հանկարծ մի ոսկի ձկնիկ.
Ոսկի եմ սաում և ոչ քո գիտցած.
Այսպիսի հրաշք ոչ ոք չի տեսած։
Նա խոսիլ գիտեր ուղիղ մեր լեզվով,
Աղաչանք արավ, որ ետ ձգեմ ծով.
«Թո՛ղ, ասաց, խնդրեմ, թող ինձ անվտանգ,
Քեզ կվճարեմ թանկագին փրկանք»,
Բայց ես ոչ մի բան չըպահանջեցի,
Ոչինչ չեմ ուզում, գնա՛,— ասացի.—