Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/422

Այս էջը հաստատված է

Էլ մի՛ ուշանար, շուտով ետ դարձիր,
Եվ ոսկի ձկնից մեկ լավ տուն ուզիր»։

Ծերունին դարձավ ծովի ափ գնաց.
(Այս անգամ տեսավ ծովը պղտորված).
Ըսկսեց կանչել ոսկի ձկնիկին.
Ձուկը լողալով՝ մոտեցավ ծերին.
«Ի՞նչ ես կամենում, ծերո՛ւկ», հարցրեց.
Ծերը գլուխ տվավ ու պատասխանեց.
«Ողորմա՛ծ լինիս, Թագուհի֊Ձկնիկ,
Ինձ շատ նախատեց իմ պառավ կնիկ.
Գնացիր՝ ասում է՝ տաշտակ ուզեցիր,
Ի՞նչու մեկ սիրուն տուն չըխնդրեցիր։

Ոսկի ձկնիկը ծերունուն խղճաց.
«Գնա՛, Տեր ընդ քե՛զ, մի՛ տխրիլ, ասաց.
Թող լինի այնպես, ինչպես կամենա,
Այսօր նա մեկ լավ տուն էլ կունենա»…

Ծերը ետ դարձավ կրկին դեպի տուն՝
էլ նա չըգտավ իր հին գետնատուն.
Մի նոր տուն տեսավ լուսամուտներով,
Կըտուրից հանած ծըխահաններով,
Պատ ու վառարան մաքուր սըվաղած,
Կրով ու կավճով սպիտակացրած,
Վարպետի տաշած, կաղնի տախտակից,
Մեծ դուռն էլ կախած լայն բակի կողմից։

Պատուհանի տակ կինն ուռած նստել,
Իր չարությունից ո՜ւզում է տրաքել.
Ի՞նչ անեծք ասես աշխարհքիս տակին՝
Բոլորն էլ թափեց խեղճ մարդի գլխին.
Վերջը՝ երբ փոքր֊ինչ բարկությունն իջավ,
Մռութը կախած՝ ծերունուն դարձավ.
«Անշնո՛րհք ծերուկ, տնա՜կ ուզեցիր,
Երևի քո մեջ մեծ բան կարծեցիր.
Ետ դարձիր, անխելք, ետ դարձիր գնա,
Ոսկի ձկնիկին իմ կողմից ասա,
Որ էլ չեմ ուզում մնալ գեղջկուհի,
Ուզում եմ լինել մեծ իշխանուհի