Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/432

Այս էջը հաստատված է

— Այդ նրանից է, որ դու չար ես, քո գործն Էլ չարության գործ է։ Դու քո երկայն թելերով մի թակարդ ես ցանցում, որ անմիտ ճանճերին որսաս և ծծես նրանց արյունը, իսկ իմ գործը բոլորովին ուրիշ բան է, սարդի բնությունից և խելքից վեր է։

Շերամն ու մեղուն են բարության նշան,
Իսկ սարդն ու բրեդը նշան չարության
Քնքուշ շերամի պես եղիր անարատ,
Թեկուզ չար սարդերը ծիծաղեն վրադ։

1885

ԳԱՅԼ ԵՎ ՍԿՅՈԻՌԸ

(Փոխադրություն)

Սկյուռը, ծառի վրա թռչկոտելիս, հանկարծ վայր ընկավ մի գայլի վրա, որ քնած էր ծառի տակին։

Գայլը վեր թռավ, բռնեց սկյուռին և ուզեց ուտել: Սկյուռն աղաչանք արավ, որ իրան բաց թողնե. «Թող ինձ, ասաց, գայլ եղբայր, ինչ ուզենաս կտամ»։

Գայլն ասաց.— Շատ լավ, քեզ կթողնեմ, եթե ինձ կասես, թե պատճառն ինչ է, որ ես միշտ տխուր եմ, միշտ դարդոտ, իսկ դուք սկյուռներդ, միշտ ուրախ եք, միշտ զվարթ, և շարունակ թռչկոտում եք ծառերի վրա և խաղում:

Սկյուռն ասաց.— Առաջ թող ինձ ելնեմ ծառը, այնտեղից կտամ քո պատասխանը։

Գայլը բաց թողեց։ Սկյուռը վեր ելավ ծառը և այնտեղից ասաց գայլին.— քո տխրությունդ նրանից է, որ դու չար ես, չարերն ուրախություն չունին։ Իսկ մենք ուրախ ենք միշտ նրա համար, որ բարի ենք, ոչ ոքի վստություն չենք անում։

Գայլը շատ բարկացավ և չարությունից ուզում էր կատաղել. բայց էլ ի՞նչ կարող էր անել. սկյուռը ծառի վրա էր և գայլից շատ բարձր:

1885