Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/448

Այս էջը հաստատված է

ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՆՄԱՀ ՍՏԵՂԾՈՂԸ

(Պատկերներ Անդերսենի կյանքից)


Իմ կյանքը մի շատ գեղեցիկ հեքիաթ է, հարուստ և բախտավորությունով լիքը: Իմ կյանքի պատմությունից մարդիկ նույն համոզմունքը կստանան, ինչ որ ես եմ ստացել,—սիրաբուխ արարչի ամեն ստեղծածը բարի է և բարիքի պատճառ:

Անդերսեն

Դանիան մի շատ բանաստեղծական երկիր է. նրա հին պատմությունը հարուստ է ժողովրդական զրույցներով ու երգերով։ Նրա կղզիները նման են կանաչից հյուսած պսակի, նրանք զարդարված են այգիներով, թեղոշի ճոխ անտառներով, վարելահողերով ու արոտներով։ Կղզիներից ամենագեղեցիկը Ֆիոնիա կղզին է, որի գլխավոր քաղաքն է Օդենզեն.— սա իր անունն ստացել է Դանիայի Օդին անունով հին աստուծուց, որ՝ ավանդության ասելով՝ մի ժամանակ այստեղ է եղել բնակելիս։

1867 թվականի դեկտեմբերի 6-ին միշտ խաղաղ Օդենզը քաղաքը անսովոր կենդանություն էր ստացել: Տանիքների վրա ծածանում էին դրոշակները, բոլոր ուսումնարանները փակված էին. ժողովուրդը տոնի հագուստով խումբ-խումբ դիմում էր դեպի քաղաքային տունը, ուր որոտում էր մուզիկան. հրապարակի վրա կարգով կանգնած էին զինավառված քաղաքապահ զորքը: Ամենքի երեսին փայլում էր մի առաձին խնդություն ու կենդանություն։ Ահա մի բաց կառք մոտեցավ քաղաքային տանը, ամենքն սկսեցին գլխարկները վեր նետել, սպիտակ թաշկինակները ծածանել օդի մեջ և բարձրաձայն գոռալ՝ հուռա՜ա՜ ա... Քաղաքագլուխը գլխաբաց մոտեցավ կառքին, բարև տվավ և օգնեց հյուրին իջնել կառքից։ Հյուրը մի պարոն էր հասակն սռած, խոշոր, փայլուն ու կապույտ աչքերով և գրավիչ ու քնքուշ արտահայտություն ունեցող դեմքով։ Նա թագավոր չէր, ինչպես անծանոթ տեսնողը կարող էր ենթադրել այն մեծարանքից, որ նրան տալիս էին, բայց մեծ իշխան էր, իշխան, միայն