Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/449

Այս էջը հաստատված է

հեքիաթական աշխարհի. նա Հանս Քրիստիան Անդերսենն էր հեքիաթների թագավորը...

Հուզմունքից դալկացած, մինչև արտասուք սրտաշարժված, Անդերսենը կարողանում էր միայն լուռ և ժպտալով գլխով անեք դեպի ամեն կողմ։ Հայրերն ու մայրերը բարձրացնում էին իրենց երեխանցը, որ լավ տեսնեն մանուկների հռչակավոր բարեկամին, Օդենզե քաղաքացուն, իրանց հայրենակցին:

Քաղաքատան ընդունարանի դահլիճումը պատվավոր հյուրին սպասում էին քաղաքային իշխանների փայլուն ժողովը և բոլոր դասակարգերի ներկայացուցիչները։ Հազարագլուխը մի ճառ խոսեց և տվավ Անդերսենին պատվավոր քաղաքացու դիպլոմը: Նրա ծննդարան քաղաքի, որի դռնից դուրս էր եկել նա նույն օրից Հիսուն տարի առաջ, ինչպես մի խեղճ և անհայտ մանուկ,— դուրս էր եկել և գնացել իր համար բախտ որոնելու, չիմանալով, որ բախտը թաք է կացած իր իսկ անձի մեջ, իր մանկական, մաքուր հոգու մեջ, իր աստվածավախ սրտումը, իր ստեղծագործական երևակայությունով հարուստ գլխի մեջ։

Մեծահանդես ճաշի ժամանակ թանկագին հյուրին նվիրված երգեր էին երգում, ճառեր էին խոսում, զանազան կենաց բաժակներ էին առաջարկում, շնորհավորական հեռագիրներ էին կարդում, ինչպես և նամակներ, բանաստեղծություններ և տոնախմբության վերջում՝ կարդացին մի ուղերձ, որին ստորագրած էին Օդենզե քաղաքի շրջանում ուսանող 1600 աշակերտներ։ Անդերսենը՝ խնդության արտասուքը սրբելով պատասխանեց մի քանի խոսքով, վերջումն ավելացնելով. «Այսպիսի տոնախմբության արժանացող կյանքը՝ ինքնըստինքյան՝ հեքիաթներից ամենից լավն է»։ Եվ ճշմարիտ որ Անդերսենի ամբողջ կյանքը հեքիաթի նման է։ Ինչ ասես որ նրա գլխովը չի անցել.— Ի՜նչ քաղց, ի՜նչ ծարավ, ի՜նչ տանջանքներ, մինչև որ նա կհասներ այս պատվին։ Նրա մանկության և պատանեկության քաշած նեղ օրերին ականատես եղողները վեր կենային հիմա և տեսնեին այս փառավոր տոնախմբությունը։ Տեսնեին, թե ինչպես մի ժամանակ քաղցած մանուկը այժմ նստած է ճաշկերույթի ամենապատվավոր