Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/450

Այս էջը հաստատված է

տեղը, նրան ծառայում են մեծ-մեծ իշխանների որդիքը, նրա ամեն մի խոսքին հարգանքով ականջ են դնում բոլոր ճաշողները, ամենքն էլ ուրախ են. ամենքն էլ փառավորվում են, տեսնելով իրանց աչքով Դանիայի փառքն ու պարծանքը։ Ետ գնանք ուրեմն մի վաթսուն տարով և համառոտ կերպով ծանոթանանք հռչակավոր բանասիրի կյանքին, այն մարդուն, որի հեքիաթները թարգմանված են բոլոր եվրոպական լեզուներով, կան և հայերեն թարգմանություններ, թեև ոչ այնքան հաջող: Գիտենալ Անդերսենի հեքիաթները և չփափագիլ գիտենալու, թե ինչպիսի մարդ է Անդերսենը՝ անկարելի է։

1

ԱՆԴԵՐՍԵՆԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

1805 թվականին Օդենզե քաղաքում մի փոքրիկ աղքատիկ բնակարանում կենում էր մաշիկներ կարող մի երիտասարդ իր կնոջ հետ, որ իրանից երեք տարով մեծ էր։ Նրանք ապրում էին խաղաղ և բախտավոր կյանքով, թեև երբեմն կրում էին և շատ զրկանքներ։ Նրանց ամուսնությունից մի տարի անցած, ապրիլի 2֊ին, մի տղա ունեցան, որին անվանեցին Հանս -Քրիստիան Անդերսեն։ Քրիստիանը մի շատ ճղավկան երեխա էր, որովհետև նրա մկրտության վկաներն ասում էին, որ իբր թե նրա մկրտող պաստորը, երեխան մորը հանձնելիս ասել է. «քո տղան ճղավում է կատվի նման»։ Ասում են Անդերսենի մայրը շատ նեղանում է պաստորի այս կոպիտ նկատողությունից և իր բոլոր կյանքում չի ներում ծերունի պաստորին: Երեխայի կնքահայրը, որ մի ֆրանսիացի պանդուխտ էր, նա միայն եկեղեցուց տուն վերադառնալիս մխիթարում է բարկացած մորը, ասելով՝ որքան բղավե Քրիստիանը, քանի դեռ երեխա է, այնքան լավ կերգե հասակն առած ժամանակ:

Անդերսենի ծնողքը միայն մի սենյակ ունեին, որ թե՛ ննջարան էր, թե՛ սեղանատուն և թե՛ արհեստանոց, որի