Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/452

Այս էջը հաստատված է

Հայրն այնքան սիրում էր երեխային, որ խելքը գնում էր։ Ամեն ազատ րոպեն նրան էր նվիրում, իսկ կիրակի օրը ամբողջապես նրանով էր զբաղված. խաղալիքներ էր շինում, պատկերներ նկարում, իսկ երեկոները կարդում էր Լաֆոնտենի հեքիաթները, կամ «Հազարումեկ գիշերը»։ Այս վերջին հեքիաթները կարդալիս՝ երիտասարդ մաշկակարը թերահավատությամբ շարժում էր գլուխը և ժպտում, որովհետև նըրանցում պատմած երջանիկ կյանքը հարմար չէր գալիս իր ունեցած տաժանելի կյանքին։

Անդերսենի պապն ու տատը հարուստ գյուղացի էին եղել, բայց հետո գալիս են ձախորդություն ձախորդության հետևից.— տավարի ցավ, հրդեհ, անբեր տարիներ, որոնք Անդերսենի պապին հասցնում են մինչև խելագարության։ Կինը խելագար մարդուն և իր միակ որդուն բերում է Օդենզե քաղաքը, ուր որդուն դնում է մի մաշկակարի մոտ։

«Այս մի մեծ հարված էր իմ հոր համար», ասում է Անդերսենը իր հիշատակագրի մեջ, «որովհետև նա միշտ փափագում էր դպրոց մտնել, ուսումնական դառնալ, բայց իր բաղձանքին չհասնելով՝ սաստիկ կոտրվում է սիրտը»։

Տասը տարի անցած՝ երիտասարդ մաշկակարը ամուսնացավ, տուն ու տեղ դրավ, բայց իր համարհեստավորների հետ ոչինչ հարաբերություն չուներ. նոցա մոտ հյուր էին գնում միայն ազգականները և մոտիկ ծանոթները։ Ամառը ամեն կիրակի գնում էր անտառը և երեխային էլ հետն էր տանում անպատճառ։ Այդ զբոսանքների ժամանակ հայրը սովորաբար չէր խոսում, մեկ էլ կտեսնեիր կնստեր մի ծառի տակ և խոր մտածության մեջ կընկներ. իսկ Քրիստիանը նույն միջոցին ոստոստում ու վազվզում էր, ելակ էր քաղում կամ պսակներ՝ հյուսում։

Միայն տարենը մեկ անգամ, ու այն էլ մայիսին, երբ որ թեղոշի անտառը բոլորովին տերևակալած էր լինում և փայլում էր իր բոլոր գեղեցկությամբ, նրանց հետ գնում էր և մայրը։ Այդ հանդիսավոր օրը նա միշտ հագնում էր իր կինամոնագույն և ծաղկագործ չթի դերիան։ Այդ դերիալով էր զարդարվում նա ամեն տարի, երբ գնում էր հաղորդվելու և մեկ էլ երբ իրանց տան մեկնումեկի տոնն էր լինում: Անտառից