Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/455

Այս էջը հաստատված է

պարտիզից ահա պառավն ամեն շաբաթ օր մի֊մի փունջ ծաղիկ էր բերում իր սիրելի թոռնիկի համար։

Խեղճ խելագարները, որոնց երբեմն թույլ էր տրվում հայաթում զբոսնելու, շատ անգամ հյուր էին գնում Անդերսենենց մոտ։ Քրիստիանը հեռվից՝ վախենալով ականջ էր դնում նրանց անկապ երգելուն և խոսելուն: Պահապանները թույլ էին տալիս նրանց զբոսնելու հիվանդանոցի միջանցքներում: Վտանգավոր խելագարների խցիկների դռները փակված էին լինում ամուր. միայն միջանցքների կողմից ունենում էին մի հատ կլորիկ և փոքրիկ պատուհան. այնտեղից էին հասցնում խելագարներին նրանց ուտելիքը։ Մեկ դռան վրա բավական մեծ բացվածք կար. փոքրիկ ստահակ Քրիստիանը մեկ անգամ երեսը դեմ արավ այդ բացվածքին, որ տեսնե ինչ է անում ներսը եղող խենթը։ Այնտեղ հարդալից ներքնակի վրա նստած էր մի ջահել աղջիկ։ Նրա երկար մազերը շաղանցած էին ուսերի վրա. նա վայրենի ձայնով մի երգ էր երգում։ Հանկարծ նրա աչքն ընկավ մանուկը, մի ակնթարթում վեր թռավ տեղիցը և վագրի պես ցատկելով՝ վրա ընկավ դռանը և բռունցքով այնպես պինդ զարկեց, որ լուստմուտի ապակին դուրս նետվեց տեղիցը։ Խենթուհին ձեռք դուրս տարավ պատուհանից և ուզեց բռնել երեխային։ Երեխան սաստիկ երկյուղից ուշքը կորցնելով՝ վայր ընկավ հատակի վրա և սկսեց բղավել բոլոր աժովը։ Պահապանը շուտով վրա հասավ և ազատեց նրան խենթուհու ճանկն ընկնելուց. բայց Անդերսենի վրա այս անցքը թողեց ամենածանր տպավորություն։ Իր խելագար պապիցը չէր վախենում ամենևին: Ծերուհին թեև խենթ, բայց հանդարտ էր. նա փայտից մարդուկներ էր շինում գազանի գլխներով, շինում էր և գազաններ տարօրինակ թռչունների թևերով և ամեն օր իր այս խաղալիքները մի արկղ լցրած, տանում էր մոտակա գյուղերը, ուր նրանց փոխարեն գյուղացիք լցնում էին նրա արկղը ալյուրով ու ապուխտով, շնորհակալ լինելով, որ իրանց երեխանց համար զվարճալի խաղալիքներ է շինում։

Քրիստիանը մանուկների հետ ընկնիլ չէր սիրում նաև այն ժամանակ, երբ ուսումնարան էր մտել։ Նրա սիրած զրույցընկերներն էին քաղաքային ապաստարանի