Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/456

Այս էջը հաստատված է

պառավները, հանդարտ խենթերը և տատիկն ու Հայրիկը: Զարմանալի չէ, ուրեմն, որ մանկությունից նրա խելքն ու երևակայությունը իրանց զարգացումն ստանում են մի առանձին ձևով: Մենակ պառավներից, որոնք քաղաքային ապաստարանում բուրդ էին գզում, մանում ու գործում, այնքան շատ հեքիաթներ էր լսում, որ նրանցից կարելի էր շինել մի երկրորդ «Հազարումեկ գիշեր»։ Տանն ուներ անհամար խաղալիքներ և պատկերներ, որ հայրն էր շինել նրա համար։ Իսկ ինքը ամենամեծ զվարճություն էր համարում իր խաղալիքների համար հագուստ կարելը։ Բացի սրանից, նա սիրում էր և պառկել հայաթումը, ուր մայրիկն իր գոգնոցը փռելով տղայի համար չվաքարան էր շինել մի կոծոխուրի թուփի մոտ, որի աճման վրա նայում էր երեխան մեծ հետաքրքրությունով։ Սաստիկ սիրահար լինելով մտորմունքի, Քրիստիանը սովորություն էր արել աչքերն անդադար փակելու, որից շատերը եզրակացնում էին, թե նրա տեսությունը պետք է որ թույլ լինի։

Երբ Անդերսենի չորս տարին լրացավ, մայրը տարավ նրան սկզբնական ուսումնարանը մի պառավի մոտ, որ մանուկներին սովորեցնում էր միմիայն կարդալ։

«Կարծես հիմա էլ տեսնում եմ վարժուհուն», գրում է Անդերսենը, «բարձրաթիկունք աթոռի մեջ նստած, ինչպես և նրա գլխավերևը պատից կախած ժամացույցը շարժական խաղալիքներով։ Նա իր ձեռքին մի մեծ կապուկ ճիպոտ ուներ բըռնած, իսկ մենք աշակերտներս պիտի հեգելով կարդայինք բարձրաձայն։ Իմ հասակակիցներիցս շատերն աղջկերք էին.հենց որ նրանցից մեկը ետ էր մնում, պառավն իսկույն մտրակում էր նրա ուսերին ձեռքի կապուկովը: Որովհետև այդ դպրոցական սովորությունը հայտնի էր ամենքին, այս պատճառով մայրս երբ որ ինձ տարավ ուսումնարան, պառավին նախազգուշացրեց, որ ինձ չծեծե։ Մորս այս ասածը ես միտս պահեցի, և երբ մի առավոտ պառավն ինձ էլ ցույց տվավ իր ճիպոտների համը, ես իսկույն հավաքեցի գրքերս ու տուն գնալով՝ մորս ասացի, որ էլ չեմ գնալ ես այդ պառավի մոտ»։

Սրանից հետո մայրը տարավ նրան Կարստեն անունով մի վարժապետի մոտ, ուր միայն տղայք էին սովորում.