Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/457

Այս էջը հաստատված է

նրանց մեջ միայն մի պստլիկ աղջիկ կար, բայց նա ևս մի տարով մեծ էր Անդերսենից։ Այս աղջկա հետ առաջին իսկ օրը բարեկամացավ Անդերսենը: Փոքրիկ աղջիկը միշտ օգուտի և բարիքի մասին էր խոսում, և մեկ անգամ ասում է Անդերսենին, որ ինքը ուսում է առնում միայն նրա համար, որ լավ թվաբանություն սովորե, և երբ կմեծանա, մի ագարակ կվարձե կապալով քաղաքից մոտիկ և կապրե հարուստ տիկնոջ պես։

—Չե՞ս կամենալ իմ կապալառուհիս լինել իմ ամրոցումը, երբ ես մեծացած կլինիմ,— հարցնում է Անդերսենը։

—Դու ի՞նչ ամրոց ունիս,— բացականչեց աղջիկը ծիծաղելով,— դու էլ ինձ նման մի աղքատ ես։

Հետո Անդերսենը վեր առավ մատիտը, մի տան պատկեր քաշեց, մոտն էլ մի ծառաստան, և սկսեց հավատացնել աղջկանը, որ այդ իր սեփական կալվածն է, թե՝ ինքը մեծ տոհմից է ծագումն առնում, թե՝ իրան ուրիշ երեխայի տեղ են դրել,— այն չէ, ինչ որ է, թե՝ գիշերները երկնքի հրեշտակները միշտ գալիս են նրա մոտ և զրույց անում.— մեկ խոսքով՝ նա միտն է բերում ապաստարանի պառավներից լսած հեքիաթները և սկսում է պատմել աղջկանը, ինչ որ նույն րոպեին միտն էր գալիս, երևակայելով, որ աղջիկը սաստիկ կզարմանա, երբ ամենը լսե, բայց ընդհակառակն, աղջիկը լսում է աչքերը չռած, և դառնալով մյուս մանուկներին՝ ասում է.

—Նայեցեք սրան, բանից երևում է, որ սա էլ նույնպես խելագար է, ինչպես և իր պապը։

Անդերսենը սարսուռ է զգում այս նկատողությունից. նա կարծում է, թե աղջկանը կզարմացնե իր վառ երևակայությունովն ու խելքովը, բայց աղջիկը նրան խելագար է համարում։

Կարստեն վարժապետը շատ է սիրում ու փայփայում Անդերսենին, և որովհետև նա ամենից փոքրն էր, այս պատճառով երբ որ մեծերը խաղում էին, Կարստենը բռնում էր Անդերսենի ձեռքից, վախենալով ոտի տակ ընկնելուց։ Այդ օրից շատ տարի անցած՝ Կարստենը Տորնենդ կղզում հեռագրապետի պաշտոն ունենալով՝ ինքնաբավական ժպիտով հիշում