Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/458

Այս էջը հաստատված է

էր այն, ժամանակը, երբ Անդերսենը դեռ մի փոքրիկ երեխա, իր աշակերտն էր...

— Այո՛, այո՛, պարոններ,— պատմում էր նա իր հյուրեին․ — դուք ով գիտե, գուցե չհավատաք, որ խեղճ ծերուն Կարստենս առաջին ուսուցիչն եմ եղել դանիական հռչակավոր գրողի՝ Անդերսենի։

Ամառը՝ հունձից հետո՝ տիկին Անդերսենը և ուրիշ չքավոր կանայք սովորություն ունեին դուրս գնալու դաշտը և հասկաքաղ անելու, այսինքն՝ հավաքելու հունձի ժամանակ վայր թափված հասկերը։

«Մորս նայելով», գրում է Անդերսենը, «իմ միտն էր գալիս Աստվածաշնչի Հռութը Հիսուսի արտումը։ Մեկ անգամ ես ու մայրս հասկաքաղ էինք անում մի հարուստ կալվածատիրոջ արտատեղում, կալվածատերը մի բարկացկոտ կառավարիչ ուներ, նա իսկույն եկավ դեպի մեզ՝ ձեռքին մի երկայն մտրակ բռնած։ Մայրս և մյուս կանայքը նրան տեսնելուն պես՝ սկսեցին փախչիլ։ Նոր հնձած արտի ցից-ցից ու սուր֊սուր ծղնոտները ծակծկում էին բոբիկ ոտներս. սրա համար ես չկարողացա նրանց հետևից փախչիլ և մնացի կանգնած: Կառավարիչը մտրակը բարձրացրեց, որ խփե ինձ, բայց ձեռքը վայր չբերավ։

« — Դու չես կարող ինձ խփել, — ասացի ես վստահաբար, նայելով նրա երեսին.— Աստված կտեսնե՛ այդ...

«Իմ խոսքերն այնպես ներգործեցին նրա վրա, որ նրա կուռը թուլացավ, ձեռքը քսեց երեսիս, փող տվավ և ճանապարհ դրավ մարդասիրաբար»։

Թեև Անդերսենի ծնողքը շատ չքավոր էին, բայց երեխան մեծացավ առանց աղքատություն զգալու։ Ծնողքը պատրաստ էին ամեն նեղություն կրելու, ամեն անհրաժեշտ բանից զրկվելու, միայն թե իրանց Քրիստիանը կուշտ լինի և լավ ու տաք հագնված։ Հոր միակ իղձն էր, որ քաղաքից դուրս մի տնակ ունենա փոքրիկ պարտեզով։ Նա խելոք մարդ լինելով իրան ճնշված էր զգում շրջապատողներից և միշտ միայնություն էր որոնում։ Մի լուր տարածվեց, թե մի կալվածատեր տիկին ուզում է իր մոտ մի մաշկակար ունենալ ամբողջ տարով։ Ռոճիկի փոխարեն խոստանում է տալ ձրի բնակարան