Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/460

Այս էջը հաստատված է

մելամաղձոտության մեջ ընկավ։ Նա սկսեց ավելի հաճախ ու հաճախ քաշվել անտառը միայնակ, անհանգստություն եկավ վրան և քնհատություն։

Այդ միջոցներին Ֆրանսիան պատերազմում էր Գերմանիայի դեմ։ Դանիան միացել էր Ֆրանսիայի հետ և Նապոլեոնը դանիացոց թվում էր մեծ հերոս։

Խեղճ մաշկակարը սկսեց երևակայել, որ եթե զինվոր դառնա և գնա պատերազմ, այնտեղից կվերադառնա մեծ աստիճանի հասած։ Կինը մարդու մտադրությունն իմանալով՝ լաց էր լինում գիշեր ու ցերեկ, իսկ դրացի կանայք հանդիմանում էին ցնորամիտ արհեստավորին ասելով՝ որ նա գնում է դեպի անխուսափելի մահ, և ինչ հարկ կա կամովին անարգանքի ենթարկվիլ, քանի որ ոչ ոք իրանից այդ չի պահանջում։ Այդ ժամանակ Դանիայում զինվորի պաշտոնը շատ ստոր պաշտոն էր համարվում։

Նույն առավոտը, երբ պիտի դուրս գար այն զորագունդը, ուր գրվել էր մաշկակար Անդերսենը, շատ կանուխ վեր կացավ՝ և հագնելով՝ բարձրաձայն երգում ու ծիծաղում էր, որով աշխատում էր ծածկել իր ներքին հուզմունքը: Բայց երբ բաժանման ժամը հասավ, երբ պիտի մնաս բարև ասեր իր սիրելի զավակին, որ այդ ժամանակ կարմրուկով հիվանդ պառկած էր, քիչ մնաց պիտի երեխայի պես հեկեկար։Թմբուկն սկսեց որոտալ, գլխավոր փողոցը ժողովուրդով լցվեցավ. կանայք լաց էին լինում բարձրաձայն, երեխաները փախչում էին զինվորների հետևից։ Անդերսենի հայրը հազիվ կարողացավ դուրս կորզվիլ ընտանիքի գրկից և րնկնիլ փողոցը, արտասուքը սրբելով։ Պառավ տատիկն ընկավ իր թոռնիկի անկողնի վրա, և ասաց արտասվելով. «Ավելի լավ կլիներ, զավակս, եթե դու ծնված ու լույս աշխարհ ընկած չլինեիր»...