Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/461

Այս էջը հաստատված է

2

ԱՌԱՆՑ ՀՈՐ

Այս առաջին վշտալի օրն էր, որ պատահեց Քրիստիան Անդերսենի մանկական կյանքում, բայց քանի՜-քանի՜ այդպիսի աղետալի օրեր անցան հետո նրա գլխովը…

Հայրը վերադարձավ տուն բավական շուտով։ Նրանց արշավանքը շատ անհաջող էր եղել։ Քիչ անցած, արդեն հաշտություն էր կայացել պատերազմողների մեջ: Փոքր տնակի սենյակումը նորից սարքվեց արհեստանոցը և երիտասարդ մաշկակարը էլի առաջվան պես սկսեց հին մաշիկներ կարկատել ու նորերը կարել, իսկ ազատ ժամերին խաղալ իր որդու հետ։ Բայց նրա առողջությունը զորաբանակի մեջ բավական խանգարվել էր, նույն կյանքին անսովոր լինելուց։ Մի օրինավոր բժիշկ հրավիրելու տեղ կանչում են մի աղոթարար պառավի, և երեք օրից հետո հիվանդին դնում են արդեն դագաղի մեջ:

Այսպես ահա Հանս Քրիստիանը պիտի մեծանար այնուհետև առանց հոր։ Որքան դժվար պիտի լիներ մոր համար,որ թե՛ իրան պիտի պահպաներ և թե՛ որդուն, այն էլ մշակությունով, ձեռքի աշխատությունով։ Երեխան ամբողջ օրերով մնում էր մեն-մենակ։ Երբ մայրը գնում էր սրա նրա տանը լվացք անելու, Անդերսենը կա՛մ հագուստ էր կարում խաղալիքների համար, որ իր սարքած տիկնի [1]՝ թատրոնում դերասանություն էին անում, կա՛մ գնում էր հյուր դրացիների մոտ։Նրանց տանից մոտիկ կենում էր մեկ այրի իրիցկին, որի մարդը՝ պաստորը՝ կենդանության ժամանակ լավ քարոզիչ էր եղած և գրող: Քրիստիանն այս տիկնոջ հետ կարդում էր Շեքսպիրի գրվածները, և տուն գալով՝ կարդացածը ներկայացնում էր իր շինած տիկնի թատրոնումը, մինչև անգամ ինքն էլ էր հորինում զանազան տխուր եղերերգություններ, որ խաղի վերջումը բոլոր գործող անձինքներր մեռնում էին։

  1. Տիկնի- տիկնիկային (խմբ.)։