Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/462

Այս էջը հաստատված է

Երեխայի այս խաղաղ կյանքը, որ իր տիկնի թատրոնի շուրջն էր պտտվում, շուտով փոքր-ինչ փոխվեցավ։ Նրա մայրը երկրորդ անգամ մարդու գնաց։

Խորթ հայրը որ մի երիտասարդ արհեստավոր էր, ոչ մի ուշադրություն չէր դարձնում փոքրիկ Անդերսենի վրա։ Գերդաստանը տեղափոխվեց քաղաքից դուրս մի այլ բնակարան, որի մոտ կար և մի փոքրիկ պարտեզ։ Պարտեզից մի գալարուն շավիղ էր դնում դեպի գետը. այդ գետի ափումը մի ջրաղաց կար, որ ասվում էր՝ «վանքական»։ Երբ որ ջաղացը բանում էր, շատ զվարճալի էր լինում լսել նրա ահագին անիվների ճռինչը, բայց երբեմն էլ հանկարծ դադարում էր. նավերի բերանները փակվում էին և ջուրը ցամաքում էր իսկույն՝ կարծես կախարդական զորությունով։ Ջրի հատակունը, թանձր տղմի մեջ խլպլտում էին ձկները, իսկ անիվների տակից դուրս էին թափվում գիրացած խոշոր մկները և ծակ ու ծուկ էին մտնում մինչև ջրի վերադառնալը։ Այդ ժամանակ Անդերսենն իջնում էր ջրի հատակը և բռնոտում թռթռող ձկները։ Բայց մեկ էլ հանկարծ ջուրը կրկին ցած էր վիժում կատաղի հոսանքով ու աղաղակներով, այս պատճառով շատ անգամ Քրիստիանը, ոչ մի ձուկ չբռնած, քիչ էր մնում կուչ գնա ջրի մեջ, և հազիվ էր կարողանում մի կերպ դուրս սողալ դեպի ափը։

Անդերսենի ամենազվարճալի տեղը գետափումը նրա մի գոգավոր տեղն էր, ուր գետից մի առու էր հանած դեպի մոտակա արտերը։ Այդտեղ նստում էր նա ամբողջ ժամերով և աչքը ջրի խորքը գցած՝ նայում էր ամպերի խաղալուն և թռչունների թռիչքին։ Նրան թվում էր, թե ամպերը վազում և թռչունները թռչում են իր ոտքի տակ՝ ջրի խորքերումը, ինչպես մի անհատակ անդունդում։ Եվ ինչքան շատ էր նայում գետին, այնքան ավելի էր տաքանում նրա երևակայությունը: Գետակը նրա աչքումը քանի գնում մեծանում ու մեծանում էր և դառնում մի ահագին օվկիանոս. գետակի ջրային բույսերը դառնում էին հսկայական ծառեր, ջրի վրա լողացող ջղախոտի (գաղտիկուրի) տերևները նրան թվում էին կանաչ կղզիներ։ Մի տեղ ոստնում էր հանկարծ գորտը — ո՜ւհ,— այդ արդեն մի հրեշ է, այն ահռելի հրեշներից, որոնց մասին