Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/467

Այս էջը հաստատված է

Սլագելզե և բոլոր ուժովը շարունակեց իր ուսումը։ նրան շուտով տեղափոխեցին բարձր դասատուն, բայց հեշտությունով չհասավ նա այդ բարձրությանը. պետք է չափից դուրս աշխատեր, որ հասներ իր հասակակիցներին։

Դպրոցի վերատեսուչը թեև գիտնական և տաղանդավոր մարդ էր. և հայտնի էր իր պատվական թարգմանություններով դասական մատենագիրների, բայց իբրև մանկավարժ՝ անընդունակ էր։ Ահա ինչ է գրում Անդերսենը նրա մասին. «Նա ուսուցչությունը համարում էր մի կատարյալ տանջանք իր համար, բայց աշակերտներս կրկնապատիկ էին տանջվում։ Աշակերտների մեծ մասը նրանից սարսափում էր, իսկ ես՝ ամենից ավելի, և այս ոչ թե նրա խստության համար, այլ նրա այն սովորության համար, որով ամենիս մեկ֊մեկ անարդական անուն էր կպցնում։ Եթե օրինակ՝ դասի ժամանակ ուսումնարանի մոտով անց էին կացնում կովերի նախիրը, և նա տեսնում էր, որ մեզանից մեկը պատուհանով նայում է նախիրին, է՛լ այնուհետև պրծած էր մեր բանը,— իսկույն հրամայում էր, որ ամենքս էլ վեր կենանք և պատուհանների առջև շարվելով՝ նայենք, թե ինչպես են դեպի դաշտ քշում «մեր եղբայրակիցներին»։ Եթե հարցաքննության ժամանակ մեզանից մեկը նրա ուզածի չափ շուտ և սուր չէր պատասխանում, նա իսկույն իջնում էր կաթեդրայից և այլևս աշակերտներին չէր հարցնում, այլ երեսը դարձնում էր հնոցին և նրան էր հարցնում: Չնայած նրա այս տարօրինակության, ես անընդհատ առաջ էի գնում և մի քանի առարկայում գերազանցում էլ էի մինչև անգամ. կրոնից, սրբազան պատմությունից, ազգային լեզվից ստանում էի բարձր թվանշան, իսկ վարքիս համար՝ «անարատ»։ Բայց դասատան վերատեսչի վարմունքն ինձ հետ անտանելի էր։ Սրա հակառակ ամեն կիրակի մյուս լավագույն աշակերտների հետ ինձ ևս հրավիրում էր ճաշի։ Նա այստեղ իր տանը բոլորովին ուրիշ մարդ էր դառնում, և այն չէր այլևս, ինչ որ էր դպրոցում: Տանը կատակներ էր անում, ծիծաղեցնում. զանազան խաղեր ու զվարճություններ էր հնարում և երեխայի նման օգնում էր փոքր աշակերտներին խաղալիքները գործադրելիս։