Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/472

Այս էջը հաստատված է

մի՛ երևակայեք, որ դուք բանաստեղծ եք միայն նրա համար, որ մի քանի ոտանավորի պես բան եք գրել։ Դուք ի՞նչ կկարծեիք, օրինակ, եթե ես մտքովս անց կացնեի, որ պիտի Բրազիլիայի թագուհին դառնամ։ Դուք անշուշտ, անմտություն կհամարեիք։ Այսպես էլ ահա ես եմ նայում ձեր համոզված լինելու վրա, որ դուք բանաստեղծ եք»...

«Ոչ,— ավելացնում է Անդերսենը,— ես չէի հավատում և համոզված չէի, որ ես բանաստեղծ եմ, բայց ես կարծում եմ,եթե հավատայի, թեկուզ փոքր չափով, որ իմ մեջ տաղանդ կա, այդ մի մեծ հույս և մեծ մխիթարություն կլինի ինձ համար»:

Կոպենհագեն եղած ժամանակ բարձր կարգի տներում բավական կոշտ նկատողություն էին անում Անդերսենին նրա ռամկական ձևերի առիթով, և իր կարծիքները չթաքցնելուն համար։ Բայց այնուամենայնիվ, այդ օրերը համարվում էին ամենաբախտավորը նրա ջահելության ժամանակ։ Վուլֆի տանը նա ստեպ պատահում էր մի մարդու, որի վրա հոգեզմայլությամբ էր նայում և որի առջև խոնարհվում էր։ Դա էր Դանիայի հռչակավոր բանաստեղծ Ադամ էլենշպլեգերը։ «Նա այն ժամանակ ամենի լեզվի վրա էր, ամենի խոսակցության առարկան»,— գրում է Անդերսենը։— «Նա ինձ թվում էր մի գերբնական էակ։ Կարո՞ղ եք ներկայացնել ձեզ իմ բախտավորությունը, երբ նա մի երեկո Վուլֆի տանը մոտեցավ ինձ և ձեռք տվավ այն ժամանակ, երբ ես իմ հագուստիս հնությունից ամաչեչով՝ քաշվել էի պատուհանի մոտ և նրա վարագույրի տակ կիսով չափ ծածկվել և աշխատում էի, որ նկատելի չլինիմ սաստիկ լուսավորած դահլիճում։ Նրա վարմունքն այնքան սաստիկ ներգործեց վրաս, որ քիչ մնաց ծունկ չոքեի առջևը։ Նրա կրտսեր աղջիկը՝ Շառլոտան՝ վերաբերում էր դեպի ինձ մեծ համակրությունով, նրա հյուրընդունելությունը, ուրախ ու զվարթ բնավորությունը իմ աչքումս ավելի զմայլելի էին կացուցանում Վուլֆի բարեկամական խնջույքներն ու երեկույթները։ Պետք է երևակայել, թե արձակուրդի այս ուրախ կյանքը վայելելուց հետո, որպիսի թշվառ կյանք և տանջանք էր սպասում ինձ իմ ռեկտորի տանը։ Մեկ անգամ ռեկտորը մտավ իմ խուցը. նա հենց նոր էր