Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/473

Այս էջը հաստատված է

դարձել Կոպենհագենից, ուր երևի լսել էր, որ ես կարդացել եմ իմ «Մեռնող երեխան»: Այդ մարդու դեմքիցն արդեն գուշակում էի, թե ինձ ինչ պիտի անեն. մի ցասկոտ և շեշտակի հայացք ձգելով վրաս, նա պահանջեց, որ ես իսկույն իրան տամ նույն ոտանավորը, և միևնույն ժամանակ ասաց, որ եթե բանաստեղծության մի նշույլ անգամ նկատե իմ ոտանավորի մեջ, ինձ սիրով կներե: Դողդողալով ինչպես տենդից բռնված,իրան տվի թշվառ թերթիկս:Նա կարդաց ոտանավորս, քահ-քահ խնդաց, հիմարի ցնորք անվանեց, և սկսեց ինձ հայհոյել: Երևում էր, նա ուղղակի ուզում էր ինձ տանջել իր հոգեկան վատ տրամադրության համար և իր անձնական քիմքին բավականություն տալու համար…»:

Եթե ճակատագիրը չազատեր Անդերսենին կամապաշտ ռեկտորի ձեռից, Անդերսենը կհիվանդանար նյարդային ջերմով։ Նրա բախտից պաստոր Վառլինը, որ դպրոցումը եբրայերենի ուսուցիչ էր, քանիցս անգամ ականատես լինելով ռեկտորի կոպիտ վարմունքին, նա հատկապես դրա համար գնաց Կոպենհագեն Կոլլինի մոտ և խնդրեց նրան, որ Անդերսենին ազատե ռեկտորի անգութ ճանկերից: Այստեղ, հարկավոր ենք համարում մի միջանկյալ և բնագրից դուրս մի ծանոթություն տալ: Այն ուսուցիչները, որոնք հին, դասական ասված լեզուների դասատու են, սաստիկ ատում են բոլոր այն շարադրություններն ու ոտանավորները, որոնք իրանց վսեմությամբ և մանավանդ իրանց ձևովը նման չեն դասականին, ինչպես որ նորերն էլ հինն են ատում, որովհետև նրանցում միայն փքուն ճոռոմաբանություն են տեսնում, իսկ ճարտարությունն ու արվեստը մնում են անըմբռնելի։ Այս Է պատճառը, որ ռեկտորին դուր չէին գալիս Անդերսենի գրածները: Ուրեմն իսկապես նա չար մարդ չէր, այլ հնասեր էր նորատյաց։ Այսպես են և մեր էլ Հին Հայկաբանները. ինչքան էլ լավ գրես, եթե աշխարհիկ է և պահպանած չես հին բանաստեղծելու ձևը, ճարտասանության կանոնները, նրանք կմերժեն։ Նրանց համար կյանք, պարզություն, անմեղություն, բնականություն չկա, այլ միայն արվեստ և այն էլ շատ անգամ ճոռոմաբանության և արվեստականության հասցրած…

Կոլլինը գրեց Անդերսենին և կանչեց Կոպենհագեն և