Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/475

Այս էջը հաստատված է

հրապարակում «Թռչող Թղթատար» անունով։ Այս թերթում տպագրվեց Անդերսենի երկու ոտանավորը՝ «Երեկո» և «Սոսկալի ժամ», առանց հեղինակի ստորագրության։ Ներքևում գրված էր մի փոքր «հ», որ կարդացողների կարծիքով նշանակում Հեյբերգ։ Այս մեկ լավ առիթ էր ոտանավորների հաջողության համար։

«Մի երեկո»,— գրում է Անդերսենը,— «ես ճաշի էի հրավիրված ինձ լավ ծանոթ մի ընտանիքում, ուր ինձ շատ սիրով էին ընդունում, բայց իմ աշխատություններս անվանում էին «հանգահյուսություն» և այսպես ասում էին բարի մտքով, որ ես ձեռք վերցնեմ բանաստեղծությունից։ Մեկ էլ մտնում է տանտերը, «Թռչող Թղթատար» թերթը ձեռքին՝ ուրախ ու զվարթ դեմքով և ասում է ամենքին. «Այստեղ տպագրված են երկու պատվական ոտանավորներ. այդ Հեյբերգը շատ նշանավոր մարդ է»։ Եվ նա ոգևորվելով կարդաց իմ երկու ոտա- նավորները։ Սիրտս սկսեց տրըփտրըփալ, բայց ես ոչ մի խոսք չասացի։ Բայց մյուս կողմից մի օրիորդ, որ գիտեր, թե ում ոտանավորներն են, ուրախությամբ բացականչեց. «Այդ հո Անդերսենի ոտանավորներն են և ոչ թե Հեյբերգի»։ Հանկարծ տիրեց խորին լռություն. տանտերն աչքերը վրաս պլչացրեց և լուռ ու մունջ դուրս եկավ սենյակից, նրանից հետո ոչ ոք ոտանավորներիս մասին ոչինչ չասաց, իսկ ես մնացի սառած նստած, ինչպես գլխիս ցուրտ ջուր ածած։ Վերջերում Հեյբերգը վերատպեց իմ ոտանավորս՝ «Մեռնող երեխան», որով ապացուցեց, թե նա տպագրելու արժանի էր, բայց իմ ծանոթներիս մեջ դարձյալ այն կարծիքն էր տիրապետում, որ իմ բանաստեղծական տաղանդը շատ միջակ է»:

Անդերսենը ամենայն ջանքով պատրաստվում էր համալսարանի համար, և համարյա ամեն օր դաս էր առնում լատիներենից և հունարենից։ Նրա համառամիտ ռեկտորը իր անտեղի խստությունովն ու պարսավանքովը այնպես վախեցրել էր Անդերսենին, որ խեղճը քիչ էր մնացել, որ անկախ մտածելու ընդունակությունը կորցներ. բայց հիմա հանգստություն էր առնում նախկին հալածանքից և սկսում էր արագ զարգանալ։

1828 թվականի սեպտեմբերին նա վերջապես դարձավ