Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/482

Այս էջը հաստատված է

չխոսեց իմ «Հեքիաթների» մասին, և մինչև վերջն էլ պահպանեց իր լռությունը։ Բայց որքան էլ ժամանակակից քննադատները հարձակվեցան վրաս, ես այսուամենայնիվ չկարողացա ձեռք վերցնել այդ աշխատություններից։ Հետևելով Մուզեուսին, որ հավաքում էր «ժողովրդական հեքաթները Գերմանիայի», ես սկսեցի քրքրել իմ հին տետրակներս, որոնցում գրել էի մանկությանս ժամանակ լսած հեքիաթներս, և իմ ուզածիս պես մշակելով՝ անվանեցի «Մանուկներին պատմված հեքիաթներ», թեև իսկապես ես գիտեի, որ նույն հեքիաթները հետաքրքրությամբ կկարդան թե՛ մեծերը և թե՛ մանուկները։

«Մի քանի անձինք գովասանեցին այդ հրատարակությունս։ Այդ եղավ մի տեսակ կրակի վրա յուղ ածել, և ես այլևս չկարողացա դիմանալ, և մեկը մյուսի հետևից դուրս բերի երկրորդ, երրորդ, չորրորդ և հաջորդ տետրակները։ Ես հորինեցի ծննդյան թիվ, այսինքն՝ մեկը դուրս բերի հատկապես ծննդյան տոնին մանուկներին ընծայելու համար, և այնուհետև ամեն ծնունդին տալիս էի մի նոր գրքույկ։

Չտեսնված հաջողություն ունեցան իմ այդ հրատարակությունները։ Ամենքն էլ հավանում էին մանավանդ «Մանուկներին պատմված հեքիաթները»։ Ոչ մի տուն չկար Դանիայումը, ուր որ մուտք չլինեին գործած իմ նոր հեքիաթներիս ժողովածուի երեք գրքույկները, որոնցում առաջին անգամ էին տպագրված «Անճոռնի բադիկը» և «Սոխակը» ։

Բոլոր ամսագրերն ու օրաթերթերը ուրիշ կերպ սկսեցին երգել, մանավանդ երբ գերմանական և անգլիական օրագրերում սկսեցին փառաբանել Անդերսենի նոր աշխատությունները։ Նրան համեմատում էին Լաֆոնտենի հետ, նրա հեքիաթներն անվանում էին անմահ ստեղծագործություններ, և միաձայն հաստատում էին, որ Անդերսենն իր հեքիաթներով պատկառելի տեղ է բռնել գրականության մեջ։

Սկսած 1834 թվականից մինչև 1852-ր, Անդերսենի հեքիաթները մի քանի անգամ տպագրվեցին, հետո բոլորը հավաքեցին մի գրքում և հրատարակեցին պատկերազարդ։ Այդ հրատարակությունը լույս տեսնելուն պես՝ իրար ձեռքից հափշտակում էին։ Նույն հեքիաթներն սկսեցին թարգմանել