Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/484

Այս էջը հաստատված է

տարավ սիգապանծ, գեղեցիկ-ջենտլմեն Չարլզ Դիկկենսի մոտ և ժպտալով՝ ներկայացրեց նրանց միմյանց։

Նրանք միմյանց հանդիպեցին ինչպես վաղուցվա ծանոթներ, իբր հոգեկից բարեկամներ։ Նրանց հոգեկան ազգակցությունը վաղուց արդեն այդ երկուքին կապել էր միմյանց հետ։ Նրանք երկուքն էլ վաղուց ուսումնասիրել էին իրար գրվածներից, այդ երեկոյից սկսած՝ նրանց մեջ ամրացավ ամենաջերմ և ամենամտերիմ բարեկամություն։

Վերջերումը Դիկկենսը Անդերսենին տարավ իր մոտ իբրև հյուր և Անդերսենը յուրապատում կենսագրության մեջ հիշում է իր անցկացրած օրերը անգլիացի մատենագրի տանը, և այդ օրերը նա իր կյանքի ամենաքաղցր և ամենակախարդականն է համարում։ Նա գրում է. «Դիկկենսի աչքերը վառվռուն էին, խելոք, աչքի ընկնող դեմք և դյութող ձայն։ Վեր առեք նրա գրվածների ամենալավ տիպերը, միացրեք նրանց բոլորին մեկ տեղ, շինեցեք մի գաղափարական մարդ,— այդ կլինի «Դեվի Կոպերֆիլդի» հեղինակի ամենաճիշտ պատկերը»։

Ժամանակակից եվրոպական մատենագիրներից — քառասնական, հիսնական և վաթսունական թվականների շատ քչերը կլինին, որ անձամբ ծանոթ չլինին եղած Անդերսենին։ Նրա ընկերությունը և միշտ ուրախ ու զվարթ բնավորությունը գրավում էին ամենին՝ թե՛ մեծերին և թե՛ մանուկներին։ Նա ճշմարիտ որ նմանում էր առասպելական արքայազնին, որին բարի ոգիները զարդարել էին ամեն տեսակ բարիքներով, և այսուամենայնիվ նա միշտ մնում էր նույն համեստ և պարկեշտ, նույն ամոթխած որդին ժողովրդի, որի հարազատ և հավատարիմ զավակն էր նա։

Կոպենհագենում էլ սկսեցին հետզհետե հարգել և գին գնել Անդերսենին, որպես իրանց հարազատ մատենագրին.դանիացիք վերջապես սկսեցին պարծենալ նրանով, և հպարտանալ։ Թատրոնումը, ուր համարյա միշտ ներկայացնում էին նրա կատակերգությունները և օպերետները, և ուր նա գնում էր ճշտությամբ ամեն երեկո, երբ որ Կոպենհագենումն էր լինում, նրան առաջին կարգումը պատվավոր տեղ էին նշանակել ձրի մյուս նշանավոր թատերագիրների կարգումը —