Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/486

Այս էջը հաստատված է

նրան դուրս գալու չքավորությունից։ Նույն օրը Կոպենհագենում մի ստորագրության բաց արին, որին մասնակցեցին ամենայն ուրախությամբ, թե′ հարուստները և թե′ աղքատները, թե′ մեծերը և թե մանուկները, այն նպատակով, որ «երեխայոց բարեկամի» համար մի հուշարձան կանգնեցնեն պալատական պարտիզի նույն անկյունում, ուր խեղճ Հանս Քրիստիանը թաք էր կենում խիտ թուփերի մեջ, որ թաքուն ուտե իր մի պատառ չոր ու ցամաք հացը։

Այո, կարելի է համարձակ ասել, որ ոչ մի մահկանացու արժանացած չէ այսպիսի երջանիկ և պատվական բախտի, ինչպես Անդերսենը։ Կոպենհագենի մոտ, քաղաքից դուրս մի գեղեցիկ ու խաղաղ հովանոց կար, որ պատկանում էր Մելխիորի ընտանիքին։ Այս ընտանիքը Անդերսենի ամենամոտ բարեկամներից էր, և նա վերջին տարիներում, ծերության ժամանակ կենում էր նրանց մոտ։ Նրա վրա այնպես էին խնամք տանում և այնպես պահպանում ինչպես երեխայի։ Իր համար հատկացրած երկու սենյակն այնպես սարքել կարգել էր, և այնքան էլ հարմար տեղ էին սենյակները, Զունգի ուղիղ դեմը, որ նրա մոտ այցելության գնացողները էլ չէին ուզում հեռանալ այնտեղից։ Հիվանդ ժամանակը, երբ էլ չէր կարողանում տանից դուրս գալ, նստում էր պատուհանի մոտ և նայում մոտովն անցնող նավերի վրա, կամ թե չէ՝ հաստ թղթից զանազան խաղալիքներ էր շինում,― թիթեռիկներ, ծաղիկներ և այլ բաներ:

Անդերսենը միշտ մտորում էր իր սեփական ամառանոցն ունենալ, արաբական ճաշակով ու պարտեզով, ուր պիտի դներ բոլոր դարերի նշանավոր մատենագիրների կիսարձանները: «Կնստեմ, ասում էր, նրանց մեջ և ամեն օր կգրեմ մի նոր հեքիաթ և վեպիկ»: Բայց ծերունու մտորմունքը չիրականա ցավ։ Օգոստոսի 4֊ին 1875 թվի, երբ արդեն բոլորովին պատրաստվել էր երթալու Շվեյցարիա, և ճամփի բոլոր իրեզեններն արդեն դուրս էին տարել, մնում էր միայն, որ ինքն էլ դուրս գա, բայց խեղճն այլևս դուրս չգնաց տանիցը — նա նստած աեղը ննջել էր և այդ նինջով ճանապարհորդել էր դեպի անմահության աշխարհը.― այսքան խաղաղ և հանգիստ եղավ նրա վախճանը…