Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/487

Այս էջը հաստատված է

Մենք կվերջացնենք մեր պատմությունը այն խոսքերով, որ ոսկի տառերով տպած էր Բեռլինի մատենագիրների կողմից ուղարկված մետաղյա պսակի ժապավենի վրա՝

«Ոչ, դու չմեռար, թեև աչքերդ խփեցան,

Մանկանց սրտերում ապրելու ես հավիտյան…»:

1890

ԻՍԱՀԱԿ ՋԵՄ

ՆԱՀԱՏԱԿ ԳԻՏՈԻԹՏՍԼՆ

Չորս հարյուր տարի առաջ Հռոմ քաղաքումը կենում էր մի մարդ, անունն Իսահակ, իսկ ազգանունը Ջեմ։ Նա ազգով հրեա էր, իսկ պարապմունքով—բժիշկ։ Նա իր համար սեփական տուն ուներ և իր կնոջ՝ Լիայի և երկու որդոց հետ կենում էր իր տանը։ Որդոց մեկն արդեն տասը տարեկան էր, իսկ մյուսը՝ տասներկու։

Տասնհինգ տարի էր արդեն, որ Իսահակը իր կնոջ հետ ապրել էր երջանիկ կյանքով։ Լիան տուն էր կառավարում և որդոցը դաստիարակում, իսկ Իսահակը բժշկում էր իր մոտ եկող հիվանդներին։ Նրա մոտ հիվանդներ շատ էին գալիս թե՛ հրեաներից և թե՛ քրիստոնյաներից, որովհետև Իսահակ Ջեմի նման ճարտար բժիշկ չկար Հռոմումը։ Նա ոչ մեկ հիվանդի օգնելուց չէր հրաժարվում, ամենքին էլ բժշկում էր, առանց խնայելու իր ժամանակն ու աշխատանքը։ Հարուստներից ստանում էր իր աշխատության վարձը, իսկ չքավորներին ոչ միայն ձրի էր բժշկում, այլև փող էր տալիս, որ հնար ունենան կազդուրվելու համար սնունդ ձեռք բերելու։ Երբ հիվանդներ չէին լինում մոտը, նա իր աշխատանոցումը նստած՝ կամ դեղեր էր պատրաստում և կամ կարդում էր զանազան լեզվով գրված ուսումնական գրքեր։

Իսահակն ամեն բանից շատ սիրում էր խորհել, թե ինչպես է ստեղծված աստծո աշխարհը։ Նա շատ էր ուզում իմանալ