Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/494

Այս էջը հաստատված է

վրդովվեցան և բժիշկները, որոնք վաղուց էր արդեն, որ նրան իրանց վտանգավոր հակառակորդն էին համարում։

«Եվ որքա՜ն ինքնավստահ կերպով է խոսում,— մտածում էին նրանք,— չլինի՞ թե իր ասած գյուտն արել է իրավի,— արյուն է ածել մեկից մյուսի մեջ»։

Նրանք մի կողմ քաշվեցան և ասացին միմյանց.

— Թույլ չտանք Իսահակ Ջեմին, որ արյուն ածե։ Եթե նա առողջացնե պապին, էլ մեզ խորհրդի չեն կանչիլ, իսկ այդ մեզ համար օգտակար չէ։

Եվ նրանք շշնջացին պապի ականջումը.

— Ձերդ սրբություն, չհետևիք եբրայեցու խորհրդին, ով գիտե թե ինչ մարդ է։

Բայց պապը մեռնիլ չէր ուզում, իսկ այդ բժիշկներից ոչ մի օգնության հույս չուներ։

— Ո՛չ,— պատասխանեց նա,— ես կընդունեմ Ջեմի խորհուրդը։

Շատ աղաչեցին պապին թե՛ բժիշկները և թե՛ մերձավոր ազգականները, որ չլսե Իսահակին, բայց իզուր։ Պապը շատ էր ցանկանում էլի մի քանի տարի ապրել։ Վերջին հույսը նա Իսահակի վրա էր դրել։

Իսահակին մոտեցրեց իրան և ասաց նրան թույլ ձայնով։

— Եթե դու ինձ կարող ես լավացնել, էլ ինչո"ւ ես ուշացնում։

Իսահակը պատասխանեց, որ նա պատրաստ է արյուն ածել հենց իսկույն, թող միայն մեկ մարդ գտնեն, որ թույլ տա իրանից արյուն առնել, և տանիցը բերել տան իր բժըշկական գործիքները։

Այն ժամանակ բժիշկներն ու մերձավորները տեսան, որ էլ ոչինչ չեն կարող անել, պետք է թույլ տան, ասում են Իսահակին.

— Դա այստեղ կաց, մենք բերել կտանք քո գործիքներն էլ, քո ուզած մարդն էլ։

Այսպես էլ արին։ Իսահակին թողին հիվանդի մոտ, իսկ նրա տունը մարդիկ ուղարկեցին, պատվիրելով նրանք, որ բերեն բժշկի գործիքները և նրա երեխեքը, իսկ եթե երեխեք չունենա, կնոջը բերեն։