Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/495

Այս էջը հաստատված է

— Եթե Իսահակի մտքումը չարություն չկա,— մտածում էին բժիշկները և մերձավորները,— ապա ուրեմն նա իր երեխանցից էլ կարող է արյուն թողել և ածել պասքի երակների մեջ։ Այսպես նա ավելի զգույշ կլինի և ամեն ջանք գործ կդնե, որ այդ գործողությունը մահառիթ չլինի իր երեխանց համար։

Վերադարձան գնացած մարդիկը, բերին գործիքներն էլ, երեխեքն էլ։ Մանուկները երկյուղից դողում էին և լաց լինում, կպչում էին միմյանց, չիմանալով թե ուր և ինչու համար են տանում իրանց։

— Հիմա կարող ես գործդ սկսել,— ասում են բժիշկները,— արդեն բերել են գործիքներդ և ուզած մարդիկդ էլ պատրաստ են։

— Հապա որտե՞ղ են մարդիկը,— հարցնում է Իսահակը։

— Ե՛կ մեր հետևից և կտեսնե՜ս նրանց։

Իսահակին տարան այն սենյակը, ուր նրա երեխեքն էին, և ասացին.

— Ահա այս տղաներիդ արյունից կարող ես ածել նորին սրբության երակների մեջ։

Իսահակի երեսի գույնը թռավ, գտնելով իր երեխաներին։ Նրա մտքովը չէր անցնիլ, որ այստեղ պիտի պատահի իր երեխաներին։ Երեխեքը լաց են լինում և ուզում են ընկնել իրանց հոր գիրկը։

Իսահակը մոտենում է նրանց փայփայում է և ասում.

— Ինչու եք լաց լինում, իմ անգին զավակներս։ Միամիտ եղեք, ես ձեզ հետ եմ։ Ես ոչովի թույլ չեմ տալ, որ ձեզ դիպչի։

Իսահակը թեև խոսում էր այսպես, բայց նրա սիրտն սկսում է բաբախել ուժգին և մի ծանր քար է ընկնում վրան: Եվ մտածում է Իսահակը.

«Հարկավո՞ր է արդյոք, որ ես հրաժարվիմ իմ երեխաների արյունից, և ուրիշ մարդ պահանջեմ։ Ո՛չ, հարկավոր չէ։ Ինձ խոմ հայտնի է ճշմարտությունը։ Թող լինի իմ երեխաներից, ի՞նչ վնաս ունի։ Ես ամենին ցույց կտամ, որ ճշմարտությունը միշտ ճշմարտություն կմնա«»։

Բայց միևնույն ժամանակ նրա սիրտը կսկծում էր։ Նա