Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/498

Այս էջը հաստատված է

և տեսավ սենյակը լիքն է պալատականներով։ Ամենքն էլ խռնվում են, այս ու այն կողմն են ընկնում և գոռում, գոչում, բայց ասածները չի իմանում Իսահակը։ Նրանց ձայները խլանում են մթին կամարների տակ, որոնք արձագանք տալով, ամեն խոսք խառնափնթորում էին, իսկ արևի լույսը հազիվ էր թափանցում պատուհանների գույնզգույն ապակիների միջով և ամենքին թողնում կիսախավարի մեջ։

Իսահակը ամբոխը ճեղքելով՝ մի կերպ հասավ պատուհանին։ Պատուհանին մոտեցավ թե չէ՝ նրա ուշքը գնաց. այնտեղ մի նստարանի վրա տեսավ իր տղաներին. մեծը պառկած Էր անշարժ, գլուխը մի կողմ թեքած, երեսը կապտած, բաց աչքերը կուլ գնացած, ձեռք ու ոտքը փետացած։ Նրա կողքին պառկած էր փոքր որդին, որ ցնցվում էր բոլոր մարմնով, անկապ բացականչություններ էր արձակում և ղլղլացնում, խեղդվում։

Իսահակը տեսնում է իր որդոցը, էլ չի կարողանում քայլերը փոխել, էլ չի կարողանում մի խոսք հանել բերանիցը։

Նրա մազերը փշաքաղվեցին, աչքերը պլշեցին, դեմքը կորցրեց իր կերպարանքը։ Գլուխը բռնեց երկու ձեռքով և աղաղակեց աղեկտուր ձայնով.

— Երեխա՜յքս, երեխա՜յքս…

Ծնկաչոք ընկնում է մանուկների վրա և չի լաց լինում․ այլ միայն դողում է և քիչ է մնում խեղդվի․ դունչոը չի կարողանում քաշել, ձեռները ցնցվում են։Նա և՛ համբուրում է երեխաներին, և՛ շփում, մերսում․ բայց իզուր։ Դիակի պես ընկած են երեխայքը և պաղում են ավելի ու ավելի։

Այդ ժամանակ նա հանկարծ ոտքի կանգնեց, բռնեց իր մազերից, երերաց, հառաչեց զարհուրելի կերպով և աղաղակեց․

Երեխա՜յքս, երեխա՜յքս․․․Ա՜հ, ի՜նչ բան է այս վեջապես․․․

Պալատականները սարսափեցին և ետ–ետ քաշվեցին երկյուղից։ Իսահակը դուրս նետվեց, և ձեռքերով գլուխը սեղմած, սկսեց վազվզել պալատի դահլիճներում և միջանցքներում։ Նա չէր տեսնում ոչինչ և ոչ լսում․ ոտնատակ էր տալիս հանդիպողներին։ Նրան հայհոյում են և հեռանում