Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/501

Այս էջը հաստատված է

Իսահակ Ջեմը մեռած չէր։ Հենց որ դուրս արին նրան պապի վեհարանից, նա սկսեց վազել ու վազել։ Նրա ուշքը թռել էր գլխիցը, շարունակ վազում էր ու վազում, ինքն էլ չգիտեր, թե ո՞ւր է փախչում և ո՞ւմից։ Ոչ ոքի չէր տեսնում, կսկիծը մթնացրել էր նրա աչքերը, անցուդարձ անող մարդիկը իրանք էին հեռանում նրանից, որ ոտի տակը չընկնին։

Հռոմի փողոցներում այսպես երկար պտույտներ անելուց հետո, վերջապես հասավ քաղաքադռանը ու դուրս եկավ քաղաքից։ Սաստիկ հոգնելուց հազիվ էր շունչ առնում, քրտինքը թափվում էր երեսից, բայց դարձյալ գնում էր առանց կանգ առնելու, և գնում էր քաղաքից դեպի հյուսիս։ Արևը մայր մտավ, մութը վրա հասավ, դուրս եկավ լուսինը։ Իսահակի ուժը հատավ ու փռվեց գետնի վրա։

Նա մնաց պառկած երկար ժամանակ. ուշքի եկավ միայն լուսաբացին։ Նայում է չորս կողմը,— տեսնում է միայն բլուրներ և ծառեր։ Գլխավերևը տատանում են կանաչ ճղները, իսկ կողքին, կանաչկոտումը, խոխոջում է վտակը, թփերի վրա երգում է մի թռչնիկ։

Իսահակը գլուխը երկու ձեռքով բռնած՝ ուզում է ուշքը գլուխը բերել և իմանալ, թե ինչ է պատահել իրան, բայց չի կարողանում։ Ինչ որ երեկ պատահել էր,—բոլորը մոռացել էր, հոգու վրա փռվել էր մի սև ամպ, որի միջով չէր կարողանում տեսնել, թե ինչ էր անցել երեկվա օրը։

Այդ միջոցին մի գյուղացի էր անցնում ճամփովը։ Կիսամթնումը չնկատեց նա Իսահակին և ընկավ նրա վրա։

— Ո՛վ սուրբ աստվածածին,— բացականչեց նա, — այստեղ մարդ է եղել։

Գյուղացին վախեցավ, նա կարծեց, թե ավազակի է հանդիպել։ Այն ժամանակները շատ ավազակներ կային։

Իսահակը վեր թռավ տեղիցը, ինչպես խայթահարված. վեր թռավ և մի ծանր հառաչանք արձակելով սկսեց փախչիլ:

— Աստվա՜ծ իմ, սա խելագար է եղել,— ասաց գյուղացին և երեսը խաչակնքեց։

Իսկ Իսահակը վազում էր անդադար։ Նա մերթ բռնում էր