Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/504

Այս էջը հաստատված է

— Այս ու այսինչ խոտերը պետք է եփ տալ և խմեցնել,— ասաց նա մորը։

Ասած խոտերը ծանոթ էին մորը և գտնվում էին տան մոտերքում ժայռերի մեջ։ Խեղճ մայրը իսկույն վառեց եղևնափայտի լուցկին և գնաց ասած խոտերը փնտրելու։

Երբ որ խոտերը բերավ, Իսահակն ինքը եփեց և դեղ պատրաստելով խմեցրեց երեխային։ Երեխան թեթևություն ստացավ և քնեց քաղցր ու հանդարտ քնով։ Մայրը ուրախությունից լաց եղավ, տեսնելով, որ երեխան լավանում է կարծես հրաշքով։

Մյուս օրը Իսահակն ուզեց հեռանալ, բայց տանտերերը աղաչեցին նրան, որ էլի մի քանի օր մնա իրանց մոտ հյուր, մինչև երեխան բոլորովին առողջանա։

Իսահակը չընդդիմախոսեց, կարծես նրա համար միևնույն էր՝ մնալ, թե գնալ։ Միևնույն ժամանակ լուր տարածվեց ամըբողջ գյուղի մեջ, թե մեկ անծանոթ և տեսքով տարօրինակ անցորդ բժշկել է մահամերձ երեխային։ Գյուղումը քիչ հիվանդներ չկային, ամենքն էլ հավաքվեցան Իսահակի մոտ և խնդրեցին, որ օգնություն հասցնե իրանց հիվանդներին։

Իսկ Իսահակի գիտակցությունն այնքան վրան էր եկել, որ կարող էր բժշկել ամենքին էլ։ Նա մնաց և սկսեց իր բժշկությունը։ Եվ ինչքա՜ն սիրեցին նրան գյուղացիք։ Նրա հմտության և գիտության հռչակը տարածվեց բոլոր շրջակա գյուղերում, և ամեն տեղից սկսեցին հիվանդներ բերել նրա մոտ բժշկելու։ Շատերին լավացրեց և շատերին օգնեց նա, այնպես որ նրան համարեցին մի հրաշագործ կախարդ։ Բայց թե ով էր նա կամ որտեղացի,— ոչ ոք չգիտեր, իսկ Իսահակն ինքը իր մասին ոչինչ չէր ասում։

Իսահակն ապրում էր խաղաղ և անվրդով կյանքով։ Գյուղացիք հոգում էին նրա բոլոր պետքերը, հաց էին տալիս, շոր էին տալիս, այնպես որ նա այլևս ոչ մի բանի կարիք չէր զգում։ Ամբողջ ժամերով ման էր գալիս քարափներում և ձո¬ րերում և գեղերի համար զանազան խոտեր և ծաղիկներ հավաքում։ Խելքն սկսեց քիչ֊քիչ վրան գալ, բայց սև ամպը չէր փարատվում նրա վրայից, նա չէր հիշում իր անցած կյանքը, մոռացել էր և՛ իր կնոջը, և՛ իր երեխանց մահը։ Նա հիշում էր