Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/505

Այս էջը հաստատված է

միայն ներկան, տեսնում էր միայն գյուղում պատահածը: Այսպես ապրեց նա համարյա չորս տարի և էլի շատ տարի կապրեր, եթե մի անակնկալ դեպք չպատահեր։

Մեկ անգամ գյուղից դուրս էր եկել դեղերի համար խոտեր հավաքելու։ Բավականաչափ զանազան բույսեր ժողովելուց հետո նստեց մի ժայռի վրա, որ գտնվում էր մեծ ուղու վրա, և սկսեց ջոկջկել ժողոված բույսերը։ Այդ միջոցին հանկարծ ռազմական փողերի ձայն է հասնում ականջին, չգիտե որտեղից։ Վեր կացավ նայեց դես ու դեն, և տեսավ, որ ահա ուղիովը զինավորված խումբեր են գալիս։ Արևի ճառագայթներից փայլփլում էին նիզակի ծայրերը և զրահները, քամին շարժում է գլխարկների փետուրները։ Տեսնում է վերջապես մի ամբողջ զորք երկարումեկ ձգված մի քանի մղոն, առաջ է գալիս օձի պես օղակ֊օղակ։ Պաշարով լիքը սայլերը ճռճռում են, շնչակտուր ձիաները տանում են դեպի սարի գլուխը ծանր թնդանոթները։ Զորքի առաջից գնում են զորապետները ոսկի զրահներով, գեղեցիկ ձիաների վրա նստած:

Նայում է Իսահակ Ջեմը զորքի վրա և զարմանում է, թե որտեղի՞ց են այս մարդիկը։ Ձիավորները նկատում են նրան և ձեռով են անում, որ գնա իրանց մոտ։ Իսահակը տեղիցը չի շարժվում, մտիկ է տալիս ապշած և կարծես մի բան է միտը բերում։ Նրան թվում է, որ մի տեղ պիտի տեսած լինի սրանց նման հագուստով մարդիկ, բայց թե որտե՞ղ,— չի կարողանում հիշել։

Մի քանի զինվորներ վեր մագլցելով՝ ժայռի վրայից ցած բերին Իսահակին։ Ձիավորներից մեկը, որ զորապետը կլիներ անշուշտ, մոտեցավ նրան և հարցրեց ֆրանսերեն, թե ո՞ր ճանապարհով պետք է գնալ մոտակա գյուղը։ Իսահակը պատասխան չտվավ, այլ միայն աչքերը պլշած մտիկ է տալիս ձիավորներին և կարծես մի բան է ուզում միտը բերել։

Վերջապես ուշքը վրան եկավ և ինքն էլ սկսեց հարցնել ֆրանսերեն.

— Ո՞վքեր եք դուք։

— Մենք,— պատասխանում է ձիավորը զարմացած, որ մաքուր ֆրանսերեն է լսում մի գյուղացու շորերով ծերուկից։— մենք նորին մեծության Կարլ ութերորդի՝ ֆրանսիացոց