Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/506

Այս էջը հաստատված է

թագավորի հպատակներն ենք։ Մեր թագավորը պատերազմ է հայտնել պապի դեմ։ Ես, դե-Տորսի ասպետն եմ և զորապետը առաջապահ զորքի։

Այս պատասխանը լսելուց հետո սև ամպը փարատվեց Իսահակ Ջեմի հոգու վրայից։ Նա պարզ հիշեց թե՛ իր տունը, թե՛ իր Լիային, թե՛ իր երեխանց մահը. երկու ձեռքով բռնեց գլուխը, հառաչեց և ընկավ գետին։

Ֆրանսիացիք նայեցին Իսահակի վրա. նրանց աչքում կասկածելի մարդ երևաց տարաբախտ բժիշկը։— Արդյոք լրտես չէ սա ցնցոտիների մեջ ծպտած, — մտածեցին նրանք։

— Սրան հարկավոր չէ արձակել, այլ պետք է տանենք մեզ հետ: Զինվորները վերցրին նրան, դրին սայլի վրա և տարան մինչև գյուղը։ Գյուղական տանուտերները կանչվեցան ասպետ դե֊Տորսիի մոտ հարցուփորձ արին Իսահակի մասին, թե ով է նա։

— Թե ով է նա, մենք այդ չգիտենք,— պատասխանեցինվ տանուտերները.— մենք գիտենք միայն, որ շատ լավ բժիշկ է, և ահա չորս տարի է, որ մեզ մոտ է։ Մենք դրանից միայն լավություն ենք տեսել, իսկ վատություն— ամենևին։

Կանչեցին Իսահակին. նա եկավ, հազիվ էր կանգնում ոտքի վրա. երեսը դալկացած էր, միայն աչքերի մեջ այլևս չէր երևում առաջվան խելագարությունը։

— Ես իմացա, որ դու ճարտար բժիշկ ես,— ասաց դե-Տորսին,— մեզ հարկավոր են լավ բժիշկներ։ Կկամենաս ծառայել մեզ մոտ և մեզ հետ Հռոմ գնալ։

Գնալ Հռոմ, գնալ այնտեղ, ուր երբեմն կատարվել էին նրա համար աղետալի դեպքեր, ուր կարելի է մինչև այսօր էլ աղի արտասուք է թափում նրա Լիան։

Ո՛չ, ավելի լավ է չգնալ, այլ սպասել մահվան այստեղ, այս թշվառ գյուղի մեջ...

— Երեխե՜քս, երեխե՜քս...— հառաչեց Իսահակ Ջեմը։Եվ նրա հիշողության մեջ թարմացավ այն զարհուրելի րոպեն, երբ նրա դանակը դիպավ որդու կռանը։ Նա կրկին տեսավ իր առջև սարսափից համրացած երեխային մեռելատիպ պապի մոտ կանգնած։

— Երեխե՜քս, որդի՜քս մանուկներս...