Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/508

Այս էջը հաստատված է

կարող ստիպել քեզ։ Շնորհակալ եմ այն օգնության համար, որ դու հասցրիր մեզ ճանապարհին։

Իսահակը գնաց դեպի քաղաքի այն մասը, ուր հրեաներն էին կենում և ուր գտնվում էր իր տունը։ Տուն գնալիս մտածում էր նա.

«Կենդանի է արդյոք իմ Լիան, առո՞ղջ է արդյոք»։ Հին աղետալի անցքը նորից վերակենդանացավ նրա հիշողության մեջ, կսկիծն ու հուսահատությունը նորից ծանրացան նրա սրտի վրա։

— Զավակնե՜րս, զավակնե՜րս,— հեծեծում էր նա։

Նրա սիրտն սկսեց սաստկապես բաբախել, երբ որ մոտեցավ իր տան դռանը։ Քանի՜ ժամանակ էր, որ չէր տեսել այդ ծանոթ տեղերը։ Հինգ տարվան ընթացքում շատ չար ու բարի էր անց կացել։ Հիմա ո՞վ կլինի հիշելիս Իսահակ Ջեմին, կամ ո՞վ կկարողանա ճանաչել նրան։ Հինգ կսկծալի տարիները կես դարու չափ ծերացրել էին նրան. մազերն սպիտակել էին, մեջքը կորացել էր, երեսը պատել էր կնճիռներով։ Ծանր վիշտը մարդուս չի՜ գեղեցկացնում։ Մոտեցավ Իսահակը իր տան դռանը. սանդուղքների վրա նստած է մի կինարմատ՝ սպիտակ հագուստով, իսկ նրա կողքին մի ալևոր։ Իսահակը ճանաչեց իր կնոջը, ճանաչեց և ալևորին-ծերունի Ահարոնին։

— Բարև քեզ, Լիա,— ասաց Իսահակը, իսկ իր սիրտը այնպես է զարկում, որ կարծես ուզում է դուրս թոչել կրծքիցը։

— Ողջույն քեզ, ով որ ես,— պատասխանեց Լիան։ Իսկ ծերունի Ահարոնը նայեց Իսահակի վրա և ճանաչեց իսկույն:

— Այդ դո՞ւ ես միթե, բժիշկ Իսահակ,— բացականչեց նա։ Այս խոսքերը լսելուց Լիան վեր թռավ տեղիցը. նրա երեսը դալկացավ, նա դողդողալով ձեռքը մեկնեց դեպի Իսահակը։ Իսահակը մոտեցավ կնոջը, բայց հենց որ տեսավ նրա երեսը, կուրացած աչքերը, ասաց հառաչելով.

- Լիա՛, իմ թանկագին, իմ աչքի լույս... դու կույր... Ա՜խ, աստված իմ, ե՞րբ պիտի վերջ լինի իմ տանջանքներիս։

Լիան սկսեց հեկեկալ ու հեծկլտալ, խոսք չկարողանալով